1219 դիտում
16:10 26-02-2019
ՀՀ նախագահի հրավերով ավիատիեզերական ոլորտի աշխարհի առաջատար THALES-ի պատվիրակությունը կժամանի Հայաստան
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով ավիատիեզերական ոլորտի աշխարհի առաջատար ընկերություններից մեկի՝ ֆրանսիական THALES-ի պատվիրակությունը փետրվարի 26-ին կժամանի Հայաստան: Պատվիրակությունը ղեկավարում է ընկերության փոխնախագահ, տարածաշրջանային տնօրեն Փոլ Ռեմին:
THALES-ի պատվիրակության այցը Հայաստան պատահական չէ. նախորդ ամիսներին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մի շարք հանդիպումներ էր ունեցել ընկերության ղեկավար կազմի հետ, ինչպես նաեւ այցելել ընկերության թվային արտադրամաս: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վերջին հանդիպումը փետրվարին էր՝ Փարիզում, որտեղ նախագահ Սարգսյանն ընկերության պատվիրակության ղեկավար կազմի, մասնավորապես THALES-ի փոխնախագահ Ռաֆայել Էսկինազի հետ քննարկումներ էր ունեցել նախապես ձեռքբերված պայմանավորվածություններն արդեն Հայաստանում գործնական հիմքերի վրա դնելու վերաբերյալ:
Հայաստան այցելության շրջանակում Փոլ Ռեմին հանդիպումներ է ունենալու նախագահ Արմեն Սարգսյանի, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ, այցելելու է «Սինոփսիս Արմենիա» ընկերություն, ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, «PicsArt» ընկերություն: Այս այցը լուրջ հնարավորություն է՝ իրար կապելու աշխարհի առաջատար նոր տեխնոլոգիաները և այն հմտություններն ու որակները, որոնք ունեն Հայաստանն ու հայ մասնագետները՝ հաշվի առնելով թե՛ մեր գիտական ու մտավոր ներուժը, թե՛ այն գործնական ոգևորությունը, որ կա հայ երիտասարդության շրջանում նոր տեխնոլոգիաների հանդեպ, և, իհարկե, համագործակցելու այն պատրաստակամությունը, որ ունի Հայաստանը:
«THALES Group» ընկերությունը գործունեություն է ծավալում աշխարհի ավելի քան 50 երկրներում: Այն պաշտպանական արտադրությամբ զբաղվող աշխարհի 10 խոշորագույն ընկերությունների շարքում է: «THALES Group»-ը զբաղվում է էլեկտրական համակարգերի նախագծմամբ ու կառուցմամբ, ծառայություններ ապահովում ավիացիոն-տիեզերական, պաշտպանական, տրանսպորտային և անվտանգության շուկաներում:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1363 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
961 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար