211652_close_icon
views-count528 դիտում article-date 16:39 21-02-2019

ԱՆ քրեակատարողական ծառայության պետն ընդունել է Եվրոպական միության փորձագետներին

ՀՀ դատաիրավական ոլորտի բարեփոխումների ռազմավարության ու համապատասխան գործողությունների մշակմանն աջակցելու նպատակով Եվրոպական միությունը մեկնարկել է նոր տեխնիկական աջակցության ծրագիր: Այս ծրագրի շրջանակներում փետրվարի 20-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում Ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանն ընդունեց ՀՀ-ում ներկայումս վերոնշյալ ծրագրի հետագա իրականացման համար նախնական ուսումնասիրություններ կատարող փորձագետների թիմին, որում ընգրկված են արդարադատության ոլորտի փորձագետ Մովսես Հակոբյանը, պետական կարիքների կառավարման փորձագետ Բելլա Հակոբյանը և Եվրոպական միության հանրային ֆինանսական կառավարման մասնագետ Թոմաս Թոմսենը: Քննարկմանը մասնակցում էին նաև Ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Հայկ Քոչինյանը, Ծառայության իրավաբանական բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Տիգրան Սահակյանը: Քննարկմանը Ծառայության վարչակազմն անդրադարձավ դատաիրավական բարեփոխումների՝ 2012-17թթ. ռազմավարական ծրագրին, որի շրջանակներում ստանձնած բոլոր պարտավորությունները Քրեակատարողական ծառայությունը կատարել է: Մասնավորապես խոսքը վերաբերում էր ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի գործարկմանը, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի փոփոխմանը, ազատազրկման հետ ոչ համատեղելի հիվանդությունների ցանկին, որի լրամշակման ուղղությամբ ներկայումս քննարկումներ են ընթանում ՀՀ առողջապահության նախարարության հետ: Իրականացվել են նաև էներգախնայողությունների հետ կապված պարտավորությունները՝ էներգակիրների ստեղծում, ենթակառուցվածքների, ջեռուցման միասնական համակարգի ապահովում և այլն: Սահմանվել է լրացուցիչ գործիքակազմ՝ ամրապնդելու դատապարտյալների կապն ընտանիքի անդամների հետ, և այժմ, բացի կարճատև և երկարատև տեսակցություններից, դատապարտյալներն ունեն տեսազանգի հնարավորություն, ինչը հատկապես մեծ կարևորություն ունի օտարերկրյա քաղաքացիների համար: Քննարկման ավարտին Ծառայության պետի տեղակալ Հ. Քոչինյանը մանրամասն ներկայացրեց նաև նոր՝ իրավիճակի բարելավման ծրագիրը, որը քննարկման փուլում է: Ըստ այդ ծրագրի՝ նախատեսվում է զարգացնել հիմնարկների ենթակառուցվածքները, կառուցել նոր քրեակատարողական հիմնարկներ, արտադրությունների միջոցով ապահովել դատապարտյալների զբաղվածությունը, արդիականացնել ինժեներա-տեխնիկական միջոցները, ծառայողների համար ներդնել կրթական նոր չափորոշիչներ, բարելավել նրանց սոցիալական պայմանները, գործարկել հանրապետությունում գործող էլեկտրոնային բոլոր համակարգերի հետ կապ ստեղծող տեղեկատվական համակարգը, արդիականացնել կոռուպցիայի դեմ պայքարի գործիքակազմը և այլն: Ներկայացվեցին նաև այս ծրագրի իրականացման համար պահանջվող ֆինանսական միջոցները: Ամփոփելով քննարկումը՝ Ծառայության պետ Ա. Մխոյանն ու հյուրերը շնորհակալություն հայտնեցին երկկողմ համագործակցության համար: ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին

Նմանատիպ նյութեր