Առկա է ամսական 50 հազար գլուխ գառ արտահանելու ներուժ
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց իրագործել և զարգացնել մսի և կենդանի գլխաքանակի արտահանման մեխանիզմները։ Փաշինյանը հիշեցրեց, որ անցյալ տարի հավաստիացում էին ստացել, որ Հայաստանն ունի մանր եղջերավոր ու գառան և ոչխարի մսի արտահանման հսկայական պոտենցիալ։
«Մենք պետք է քաջալերենք մեր գյուղացիներին՝ զարգացնելու ոչխարաբուծությունը», - ասաց նա։
Վարչապետի խորհրդական Արամ Ղարիբյանը նշեց, որ ամսական 50 հազար գլուխ գառ արտահանելու պոտենցիալ կա երկրում: Ի պատասխան վարչապետի հարցի՝ նա տեղեկացրեց, որ Հայաստանում առկա է 600-700 հազար գլուխ ոչխար և գյուղացիական տնտեսությունները քայլեր են ձեռնարկում դրանց թիվն ավելացնելու նպատակով:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Կենտրոնական բանկի նախագահի հետ քննարկել են ոչխարաբուծության զարգացման վարկերի՝ ցածր տոկոսադրույքով տրամադրման հնարավորությունները և առաջիկայում դրանք կներկայացվեն: