211652_close_icon
views-count1839 դիտում article-date 13:49 12-02-2019

ՊՆ-ն չի պատրաստվում զինծառայողների մահվան դեպքերի մասին որևէ տեղեկություն կոծկել. Դավիթ Տոնոյան

Պաշտպանության նախարարությունը չի պատրաստվում զինծառայողի մահվան դեպքերի մասին տեղեկությունը ոչ ծածկել, ոչ կոծկել և դա չի արել տարիներ շարունակ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ ՊՆ վարչական համարի մամուլի սրահում Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Սավաս Անգելդիսի հետ համատեղ մամուլի ասուլիսին ասաց Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչու է Հայաստանի պաշտպանության նախարարությունը հանրությունից թաքցրել Սյունիքի մարզի զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող Էդուարդ Գրիգորյանի մահվան դեպքը: «Պաշտպանության նախարարությունը չի պատրաստվում ոչ ծածկել, ոչ կոծկել և դա չի արել տարիներ շարունակ: Մենք հիմա փոքր ծառայողական քննություն ենք իրականացնում՝ պարզելու, թե դա ինչի հետ է կապված եղել, որովհետև, հաշվի առնելով այն, որ դեպքը կապված չի եղել ծառայության հետ, մենք, այսպես ասած, մեծ ուշադրություն չենք դարձրել այդ խնդրին»,- ասաց նախարարը: Նախարարը շեշտեց, որ տեղեկություններն այսօրվա իրողություններում հնարավոր չէ կոծկել, որովհետև դրանց մասին կարելի է իմանալ տարբեր գերատեսչություններից: «Լրատվամիջոցները տեղեկություն են ստանում և Դատախազությունից, և Քննչական կոմիտեից, և Հատուկ քննչական ծառայությունից, և Պաշտպանության նախարարությունից: Հնարավոր չէ որևէ բան կոծկել, բայց, միևնույն ժամանակ, չեմ կարծում, որ անհրաժեշտ է ծառայության հետ չկապված, նախաքննության փուլում գտնվող դեպքերի վերաբերյալ անընդհատ բարձրաձայնել»,- եզրափակեց Տոնոյանը: 2019 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքի պահպանության տեղամասում կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային վնասվածքով հայտնաբերվել էր նույն զորամասի պայմանագրային զինծառայող Էդգար Էդուարդի Գրիգորյանը: Նա տեղափոխվել է Մեղրի ԲԿ, որտեղ ժամը 08:10-ին մահացել է: Դեպքի առթիվ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 110-րդ հոդվածի 1 մասով՝ ինքնասպանության հասցնելը:

Նմանատիպ նյութեր