211652_close_icon
views-count3666 դիտում article-date 16:32 11-02-2019

Վիտալի Բալասանյանը քաղաքական կոնսուլտացիաներ է սկսում Արցախում նախագահական ընտրություններին առաջադրվելու նպատակով

Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը հայտարարել է 2020 թվականին Արցախում կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրվելու նպատակով քաղաքական կոնսուլտացիաներ սկսելու մասին: Այդ մասին Վ. Բալասանյանը հայտնել է «[url=https://artsakhpress.am/arm/news/101148/nakhagahakan-yntrutyunnerin-arajadrvelu-npatakov-sksum-em-qaxaqakan-konsultacianer-vitali-balasanyan.html]Արցախպրես[/url]»-ի թղթակցի հետ զրույցում: «Առաջիկա օրերին պատրաստվում եմ հանդիպումներ սկսել խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, ակտիվ անհատների հետ, ինչպես նաև այցելել համայնքներ և հանդիպել մեր քաղաքացիների հետ՝ նրանց հետ քննարկելու 2020թ.-ին հանրապետությունում կայանալիք նախագահական ընտրություններին՝ որպես նախագահի թեկնածու իմ առաջադրվելու նպատակահարմարությունը: Ես արդեն հայտարարել եմ, որ առաջադրվելու դեպքում պետք է ունենամ ժողովրդի լայն հավանությունը, ուստի տրամաբանական եմ համարում նախևառաջ հանրային այսօրինակ քննարկումների ծավալումը»,- ասել է Բալասանյանը: Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի խոսքով՝ մասնակցելով 2012թ.-ին նախագահական, ապա և 2015թ.-ին խորհրդարանական ընտրություններին՝ ինքը ներկայացրել է երկրի առաջ ծառացած սոցիալ-տնտեսական և անվտանգությանը վերաբերող բազմաթիվ ծրագրեր, որոնց մի մասը այսօր էլ կենսական ու հրատապ են: «Հանրային քննարկումների ընթացքում կներկայացնեմ ինչպես այդ, այնպես էլ նոր ծրագրեր ու գաղափարներ: Ժողովրդի կողմից կլինի՞ լայն հավանություն և աջակցություն, ուրեմն, անկասկած, կառաջադրվեմ ու կպայքարեմ նախագահական մրցապայքարին»,- իր խոսքը եզրափակել է Վիտալի Բալասանյանը:

Նմանատիպ նյութեր