2460 դիտում
16:34 08-02-2019
ԵՊՀ-ում տեղի է ունեցել Իսլամական հեղափոխության հաղթանակի 40-ամյակին նվիրված գիտաժողով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնում այսօր տեղի ունեցավ Իսլամական հեղափոխության հաղթանակի 40-ամյակին նվիրված գիտաժողով: Այն կազմակերպել էին Իրանագիտության ամբիոնը և ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնը:
Գիտաժողովին ներկա էին Արևելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը, Արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը, դասախոսներ, ուսանողներ:
Գիտաժողովը բացման ելույթով սկսեց Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը՝ նշելով, որ Իրանն ունի հազարամյակների պատմություն. «Վերջին 40 տարին այս պետության համար նշանակալի ժամանակահատված էր, երբ Իրանը՝ որպես տարածաշրջանային գերտերություն, կրկին թևակոխեց պատմական ասպարեզ: 1979 թվականից հետո ծրագրված և իրականացված քաղաքականության արդյունքում էր, որ ԻԻՀ-ն այսօր վերածվեց տարածաշրջանային գերտերության»:
Վարդան Ոսկանյանն ուշադրություն հրավիրեց «գերտերություն» բառի վրա՝ նշելով, որ հաճախ այդ բառի մեջ որոշակի բացասական երանգ ենք դնում՝ այն անցկացնելով հայկական աշխարհայացքային պրիզմայով: «Ցավոք սրտի, մեր պետությունը սահմանափակ տարածք և հնարավորություններ ունեցող երկիր է»,- հավելեց նա:
«Իրանի դեպքում գերտերություն ասվածը նախևառաջ պետք է ընկալել քաղաքակրթային և մշակութային գերտերություն իմաստով: Իրանական ազդեցությունը հեղափոխությունից հետո ամբողջ տարածաշրջանում տարածվում է գրեթե բացառապես քաղաքակրթական կամ մշակութային խողովակներով»,- ասաց Վարդան Ոսկանյանը՝ պարզաբանելով, որ Իրաքի հետ պարտադրված ութամյա պատերազմից բացի՝ չկա մի դեպք, երբ ԻԻՀ-ն տարածաշրջանում սեփական ազդեցությունը տարածի պատերազմական գործիքակազմով:
Նա օրինակելի համարեց մշակույթի տարածման իրանական մոդելը՝ նշելով, որ ՄԱԿ-ում ելույթի ժամանակ Իրանի նախագահը խոսել է բացառապես մշակույթի մասին, Դավոսի միջազգային ֆորումին այս երկիրը ներկայացել էր նշանավոր նկարչի դեմքով, մինչդեռ մյուս պետություններից ներկա էին առաջատար տնտեսագետները և քաղաքագետները:
Ըստ Վարդան Ոսկանյանի՝ ԻԻՀ-ն այսօր մշակույթի ոլորտում ճանաչելի է համաշխարհային մակարդակով. ոչ մի համաշխարհային մշակութային իրադարձություն, փառատոն կամ մրցանակաբաշխություն չի անցնում առանց իրանցի ներկայացուցիչների:
Նա կարևորեց նաև իրանցիների բացառապես դրական վերաբերմունքը հայերի նկատմամբ՝ այդ հարցում կարևորելով նաև Իրանագիտության ամբիոնի դերը. «Ես հպարտ եմ, որ մեր ամբիոնն Իրանում հայաստանյան ամենաճանաչելի կառույցներից մեկն է: Շատ գիտական, մշակութային հաստատություններում Հայաստանի մասին առաջին տպավորությունը ԵՊՀ իրանագիտության ամբիոնն է ձևավորում»:
Վարդան Ոսկանյանը խոսեց հայ-իրանական հարաբերությունների մասին՝ շեշտելով, որ Հայաստանն Իրանի միակ քրիստոնյա սահմանակիցն է, հետևաբար՝ շատ կարևոր է երկխոսությունը երկու՝ շիական և առաքելական քրիստոնեական կրոնների մակարդակներում:
ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի խորհրդական Սեյյեդ Մոհամմադ Ռեզա Հեյդարին հանդես եկավ Իրանի Իսլամական հեղափոխության 40-ամյա ձեռքբերումների վերաբերյալ ելույթով:
Նա անդրադարձավ սոցիալական, մշակութային և գիտական ձեռքբերումներին: Իրանական կինեմատոգրաֆիստը, ըստ բանախոսի, աչքի է ընկնում խորությամբ և թեմաների արդիականությամբ: 1970-ականների վերջին տարիների համեմատ՝ իրանցի ուսանողների թիվը 155 հազարից հասել է 4 միլիոնի:
Հեյդարին կարևորեց նաև հեղափոխությունից հետո գիտության և մշակույթի ոլորտում կանանց ներգրավվածությունը, դերի բարձրացումը:
Սոցիալական ձեռքբերումների շարքում Հեյդարին անդրադարձավ Իրանում տիրող հայրիշխանության մասին կարծրատիպերին:
Նա նշեց, որ հեղափոխությունից հետո, երբ առանձնացվեցին աղջիկների և տղաների դպրոցները, անգամ խիստ կրոնական ընտանիքները սկսեցին դպրոց ուղարկել իրենց աղջիկ երեխաներին: Բացի դրանից՝ կտրուկ աճել է կանանց ներկայացվածությունը գիտական, մշակութային ոլորտներում, շատացել են կին գրողները:
Հեյդարին կարևորեց, որ Իրանը չունի ռազմական նկրտումներ՝ չնայած ռազմական մեծ ներուժին:
Իսլամական հեղափոխության նվաճումների ու արժեհամակարգի մասին զեկուցումներով հանդես եկան Իրանագիտության ամբիոնի դասախոսները:
Գիտաժողովի նպատակն էր հանրությանը ներկայացնել 40 տարի առաջ տեղի ունեցած Իսլամական հեղափոխության պատճառները, նպատակները, ինչպես նաև դրա հաղթանակից հետո հռչակված Իրանի Իսլամական Հանրապետության ձեռքբերումներն ու զարգացման հետագա ընթացքը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
738 դիտում
11:34 13-12-2018
ԵՊՀ-ում ում տեղի կունենա Մկրտիչ Սանասարյանի ծննդյան 200-ամյակին նվիրված գիտաժողով
Այս բաժնից
691 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
709 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»