211652_close_icon
views-count2190 դիտում article-date 16:49 07-02-2019

Ֆինանսների նախարարը կառավարության ծրագրի նախագծի քննադատությունը բացարձակ ճշմարտություն չի համարում

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը կառավարության հրապարակված ծրագրի նախագծի վերաբերյալ քննադատությանը միանշանակ չի նայում: «[url=https://armenpress.am/arm/news/963438.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ` Ջանջուղազյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ծրագրի վերաբերյալ հնչող քննադատությանը, թե դրանում թվեր ներկայացված չեն: «Կառավարության ծրագրի նախագծի վերաբերյալ քննադատությունն օրինաչափ է: Համոզմունք կա նաև, որ կարծիքների բախումն ուղղված է լինում դրա բարելավմանը: Տեսակետը, թե ծրագրում պետք է շատ թվեր լինեն, կամ տեսակետը` եթե այս թիվը չկա, ուրեմն ծրագիրը թերի է, որպես բացարձակ ճշմարտություն չի կարող օգտագործվել: Չկան սահմանված պահանջներ ներկայացվող ծրագրին, հետևաբար ցանկացած կառավարություն ինքն է որոշում, թե ծրագիրն ինչպիսին պետք է լինի, ինչը պետք է շեշտադրվի և ինչ չափով»,-ասաց Ջանջուղազյանը: Նա նշեց` կառավարությունն է որոշում` արդյոք կարևո՞ր է որևէ թվային ցուցանիշի արտացոլումը, թե քաղաքականության ուղղության հռչակումը և ըստ դրա նաև ձգտումը հնարավոր առավելագույն ցուցանիշի հասնելու համար: «Միայն այս կամ այն թվի բացակայությամբ պայմանավորված ծրագրին նման մեկնաբանություն տալը հիմնավորման կարիք ունի: Եվ կառավարության պատասխանատվությունից խուսափելու մասին խոսելը տեղին չէ»,- նշեց նախարարը: Նա նաև կարևորեց այնպես անել, որ հասարակության յուրաքանչյուր անդամ զգա դրական փոփոխություն: Միևնույն ժամանակ նկատեց` այնպիսի մի իրավիճակ ունենալը, որ բոլորը հավասարապես զգան այդ փոփոխությունը, ավելի շատ ցանկության է նման: Կառավարությունն իր ծրագիրը ներկայացրել է փետրվարի 6-ի նիստում և հաստատել։ ՀՀ սահմանադրության 151-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ԱԺ-ն Կառավարության ծրագրին հավանություն է տալիս յոթնօրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Նմանատիպ նյութեր