211652_close_icon
views-count1484 դիտում article-date 12:43 06-02-2019

Արա Զոհրաբյանը դիմել է Երևանի քաղաքապետին փաստաբանների լիազարությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքերը բացառելու հարցով

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը դիմել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ առաջարկելով հանձնարարել Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին՝ խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների նիստերին բացառել փաստաբանների մասնակցությունը խոչընդոտելու դեպքերը: Ինչպես տեղեկացրին ՀՀ փաստաբանների պալատի մամուլի ծառայությունից, օրեր առաջ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովը խոչընդոտել է փաստաբան Նելլի Մովսիսյանի մասնագիտական գործունեության իրականացմանը՝ արգելելով, որպես իր վստահորդի ներկայացուցիչ, մասնակցելու հանձնաժողովի նիստին: Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը 29.01.2019թ․ թիվ 25/01-Մ-788 գրությամբ այդ վարքագիծը պատճառաբանել է հետևյալ կերպ՝ «․․․ երեխաների բնակության վայրը սահմանելու վերաբերյալ դատական գործերով հանձնաժողովի կողմից իրականացվող քննարկումներին հանձնաժողովը մասնակից է դարձնում երեխաների օրինական ներկայացուցիչներին՝ ծնողներին, այլ ոչ թե ծնողների լիազոր ներկայացուցիչներին»։ Փաստաբանների պալատի նախագահը՝ վկայակոչելով ՀՀ կառավարության 2016 թվականի հունիս 21-ի թիվ 631-Ն որոշմամբ հաստատված խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրության 19-րդ կետի պահանջն առ այն, որ հանձնաժողովի նիստերին կարող են ներկա գտնվել այն անձինք, որոնց վերաբերում է քննարկումը, նրանց օրինական ներկայացուցիչները և (կամ) լիազորված անձինք, գտել է, որ Արաբկիրի վարչական շրջանի ղեկավարն այս նորմը մեկնաբանել է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի (Նորմատիվ իրավական ակտում որոշ շաղկապների և բառերի կիրառումը) պահանջներն անտեսելով, ինչի արդյունքում խախտել է քաղաքացու ՀՀ Սահմանադրության 64-րդ հոդվածով երաշխավորված իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը՝ խոչընդոտելով փաստաբանի մասնագիտական լիազորությունների իրականացմանը: Փաստաբանների պալատը հիշեցրել է, որ նույն իրավիճակում, հիմք ընդունելով Փաստաբանների պալատի գրությունը՝ Երևանի քաղաքապետը 14.12.2015թ. թիվ 35/65010 գրությամբ հանձնարարել է Երևանի քաղաքապետարանի վարչական շրջանների ղեկավարներին՝ խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների նախագահներին խստորեն ապահովել օրենքների պահանջների կատարումը և չխոչընդոտել փաստաբանների գործունեությանը։

Նմանատիպ նյութեր