211652_close_icon
views-count52930 դիտում article-date 23:23 05-02-2019

Վարդենիսում քաղաքապետի ընտրությանն ընդառաջ սկսվել է ընտրակաշառքի բաժանումը. Էպիկենտրոնում քաղաքապետի թեկնածու «Արութին Զիմզիմովն» ու նրա համակիրներ «Շորն ու Շորշորն» են

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Վարդենիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում ընտրական իրավունքի խախտման հատկանիշներով: Ինչպես հայտնտւմ է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Վարդենիսի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ փետրվարի 1-ից 3-ն ընկած ժամանակահատվածում Վարդենիս քաղաքի Բաղրամյան փողոցի բնակիչ, Վարդենիսի քաղաքապետի տեղակալ, 38-ամյա Կարեն Մկրտչյանը իր համախոհներ, Վարդենիս քաղաքի Վ. Համբարձումյան փողոցի բնակիչներ 24-ամյա Ռազմիկ Բադեյանի և 24-ամյա Տիգրան Սահակյանի հետ Տ. Սահակյանին պատկանող Ford Transit մակնիշի 01 TՏ 015 համարանիշի ավտոմեքենայով այցելություններ են կազմակերպել Վարդենիսի բնակիչների բնակարաններ և Կ. Մկրտչյանի անունից բնակիչներին են բաժանել սննդամթերքով լցված արկղեր: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ արկղերը տալու ժամանակ Ռ. Բադեյանն ու Տ. Սահակյանը բնակիչներին հայտնել են, որ այդ ամենը Կ. Մկտրչյանի կողմից օգնություն է բնակիչներին ու այն կրելու է շարունակական բնույթ: Ոստիկանները պարզել են նաև, որ նշված արկղերով օգնությունը իրականում տրամադրվում է «Կամրջակ» ՍՊԸ-ի կողմից, իսկ օգնություն բաժանողները քաղաքացիներին ներկայացնում են իբրև Կ. Մկրտչյանի անունից տրված օգնություն: Պարզվել է նաև, որ Ռ. Բադեյանն ու Տ. Սահակյանը Կ. Մկրտչյանի անունից փետրվարի 3-ին Տ. Սահակյանի կողմից վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով օգնություն են տեղափոխել ու փոխանցել Վարդենիս քաղաքի բնակիչ, 21-ամյա Հարություն Պողոսյանին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ արդեն կան վկաներ, ովքեր հայտնել են, որ Ռ. Բադեյանն ու Տ. Սահակյանը Կ. Մկրտչյանի անունից իրենց ընտանիքներին որպես օգնություն տվել են բրինձ, ոսպ, գրեչկա, ձեթ, խտացրած կաթ, ձու և հայտնել, որ արդեն գիտեք, որ ձեր ձայնը պետք է տաք Կ. Մկրտչյանին: Կ. Մկրտչյանի անունից փետրվարի 2-ին Ռ. Բադեյանն ու Տ. Սահակյանը դարձյալ վերջինիս վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով օգնություն են տեղափոխել ու հանձնել Վարդենսի քաղաքի բնակիչ, 37-ամյա Սուրեն Մարտիրոսյանի ընտանիքին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Կ. Մկրտչյանը Վարդենիսի քաղաքապետի տեղակալն է, ով փետրվարի 17-ին կայանալիք Վարդենիսի քաղաքապետի ընտրությանը մասնակցում է որպես քաղաքապետի թեկնածու: Ռ. Բադեյանը աշխատում է Վարդենիսի քաղաքապետարանի ֆինանսատնտեսագիտական եկամուտների հաշվառման 2-րդ կարգի մասնագետ: Մի քանի վարդենիսցիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Ռազմիկն ու Տիգրանը ոնց որ Շորն ու Շորշորը լինեն, իսկ Կարենը՝ Արութին Զիմզիմովը: Լրիվ դերի մեջ են մտել: Էդ մարդիկ մինչև հիմա չհասկացան, որ ընտրակաշառքի ժամանակներն անցել են, ժողովուրդը ում ուզի, նրան էլ կընտրի: Իզուր տեղը չարչիի նման մարդկանց կաշառելով թող չփորձեն քվե մուրալ: Էնպես որ Արութին Զիմզիմովը, Շորն ու Շորշորը լավ կանեն իրենց ուղեղներին զոռ տան ու իրենց գլխից մեծ ղալաթ չուտեն»: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր