211652_close_icon
views-count6482 դիտում article-date 23:48 04-02-2019

Չհայտարարված այց «Արմավիր» ՔԿՀ․ տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց հետ

Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների, ինչպես նաև աշխատակազմի «թեժ գիծ» հեռախոսահամարին ստացած ահազանգերի հիման վրա Պաշտպանի հանձնարարությամբ փետրվարի 4-ին այց է իրականացվել Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Առանձնազրույցներ են տեղի ունեցել ազատությունից զրկված, այդ թվում՝ հացադուլ հայտարարած 3 անձանց հետ, ուսումնասիրվել են նրանց պահման պայմանները, ինչպես նաև բժշկական փաստաթղթերը: Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել հացադուլ հայտարարած անձանց, այդ թվում՝ ցմահ դատապարտյալ Վաղարշակ Ավետիսյանի հետ: Վաղարշակ Ավետիսյանի հետ առանձնազրույցի ընթացքում վերջինս հայտնել է, որ համաձայն չէ իր նկատմամբ կայացված դատավճռի հետ և այդ պատճառով հայտարարել է հացադուլ ու հրաժարվել է սննդից: Առանձնազրույցի ընթացքում նա նշել է նաև, որ ցանկանում է ստանալ համապատասխան տեսակի սննդամթերք, որը քննարկվել է ՔԿՀ-ի վարչակազմի հետ և ստացել լուծում: Վերոգրյալից բացի, Վաղարշակ Ավետիսյանը բարձրացրել է նաև պահման պայմանների հարց, որը ևս քննարկվել է ՔԿՀ վարչակազմի ներկայացուցիչների հետ, և վերջիններիս հավաստմամբ՝ նշված հարցը հնարավորինս արագ լուծում կստանա: Ուսումնասիրվել են նաև Վաղարշակ Ավետիսյանի վերաբերյալ բժշկական փաստաթղթերը, այդ թվում՝ բժշկական քարտը: Արձանագրվել է, որ Վաղարշակ Ավետիսյանի բժշկական քարտում նրա առողջական վիճակի վերաբերյալ առկա են բժշկի կողմից կատարված ամենօրյա գրառումներ: Նրա առողջական վիճակի և դրա նկատմամբ բժշկական վերահսկողության հարցերը քննարկվել են ՔԿՀ-ի բուժանձնակազմի հետ: Պաշտպանի ներկայացուցիչներին բուժանձնակազմը տրամադրել է պարզաբանումներ այն մասին, որ ներկայում Վաղարշակ Ավետիսյանի գիտակցությունը պարզ է, հարցերին պատասխանում է ճիշտ և ըստ էության: Դեղորայքային միջամտության անհրաժեշտություն չկա: Պարզաբանվել է նաև, որ Վաղարշակ Ավետիսյանը գտնվում է ՔԿՀ բժշկական սպասարկման բաժնի դինամիկ հսկողության տակ: Իր վերաբերյալ դատավճռի վերանայման հետ կապված հարց է բարձրացրել 2019 թվականի փետրվարի 1-ից հացադուլի մեջ գտնվող ևս մեկ ազատությունից զրկված անձ: Վերջինիս պարզաբանվել է, որ իր կողմից բարձրացված հարցի լուծումը դուրս է Պաշտպանի լիազորություններից: 2019 թվականի փետրվարի 4-ից հացադուլ հայտարարած մեկ այլ անձ բարձրացրել է պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման, ինչպես նաև իր ֆինանսական միջոցների հաշվին և իր նախընտրած բուժհաստատությունում իրեն անհրաժեշտ բժշկական հետազոտությունները կազմակերպելու և բավարար ծավալով բուժում ստանալու հետ կապված հարցեր: Այս առնչությամբ ազատությունից զրկվածը Մարդու իրավունքների պաշտպանին է ներկայացրել համապատասխան դիմում: Հացադուլ հայտարարած անձանց պարզաբանվել է առողջության համար սննդից հրաժարվելու բացասական հետևանքները: Հացադուլ հայտարարած անձանց կողմից բարձրացված հարցերի կապակցությամբ նաև համապատասխան գրություններ կհասցեագրվեն ՀՀ արդարադատության նախարարություն: Այցի ընթացքում տեղի են ունեցել առանձնազրույցներ նաև ազատությունից զրկված այլ անձանց հետ: Բողոքների հիմնական մասը վերաբերել է նշանակված դատավճիռների վերանայման հնարավորություններին, ցուցաբերվող բժշկական օգնությանը, Համաներման մասին օրենքի կիրառմանը, ինչպես նաև պատժի հետագա կրելը շարունակելու համար մեկ հիմնարկից մեկ այլ քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելուն: Նշված հարցերի մի մասի վերաբերյալ Պաշտպանին ներկայացվել են գրավոր դիմում-բողոքներ, իսկ որոշ հարցեր քննարկվել են նաև ՔԿՀ ղեկավարության հետ: Ազատությունից զրկված անձանց կողմից բարձրացված հարցերի լուծման կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակներում կձեռնարկվեն օրենքով նախատեսված անհրաժեշտ քայլեր։ [b]ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր