10167 դիտում
19:24 02-02-2019
Երևանի թիվ 16 պոլիկլինիկայի տնօրենը վերականգնել է 15մլն դրամի վնասը և ներկայացել նախաքննական մարմնին. Դատախազություն
Երևանի թիվ 16 պոլիկլինիկայում առերևույթ տեղի ունեցած կոռուպցիո հանցագործության փաստերի առթիվ 2018թ. մայիսի 31-ին ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի վարույթում։
Մինչդատական քրեական վարույթում իրականացված քննչական, դատավարական, օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Երևանի թիվ 16 պոլիկլինիկայի տնօրեն Մ. Ս.-ն օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, պոլիկլինիկայի տեղամասային մանկաբույժին 2015թ. հունվարի 1-ից մինչև 2018թ. ապրիլ ամիսը ներառյալ գրանցելով պոլիկլինիկայի մանկական բաժանմունքի վարիչի պաշտոնակատարի հաստիքին, իրականում վերջինիս կողմից բաժանմունքի վարիչի պարտականությունները չկատարելու պայմաններում, նրանից ամսական ստացել և յուրացման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ 3.200.000 ՀՀ դրամ աշխատավարձի գումար։
Գրեթե նույն կերպ, տնօրենը պոլիկլինիկայի տեղամասային մանկաբույժին 2014թ. դեկտեմբերի 18-ից մինչև 2018թ. մայիսի 28-ը, համատեղության կարգով գրանցելով պոլիկլինիկայի ֆիզիոթերապևտի հաստիքին, տեղյակ լինելով վերջինիս կողմից ֆիզոթերապևտի պարտականությունները չկատարելու մասին, իր պաշտոնեական դիրքի հեղինակությունն օգտագործելով, ներգործելով վերջինիս վրա, 41 ամիս շարունակ, ֆիզիոթերապևտի հաստիքի յուրաքանչյուր ամսվա համար նախատեսված 120.000 ՀՀ դրամ աշխատավարձը՝ ընդհանուր 4.920.000 ՀՀ դրամ գումարը, նրանից ստացել և յուրացրել է:
Մեկ քաղաքացու էլ տնօրենը 2015թ. հունվարի 1-ից մինչև 2018թ. մայիսի 18-ը, գրանցելով պոլիկլինիկայի քաղպաշտպանության պետի հաստիքին, իրականում վերջինիս կողմից քաղպաշտպանության պետի պարտականությունները չկատարելու պայմաններում, 41 ամիս, յուրաքանչյուր ամսվա 54.000 ՀՀ դրամ աշխատավարձը՝ ընդհանուր 2.214.000 ՀՀ դրամ գումարը յուրացրել է՝ պետության օրինական շահերին պատճառելով էական վնաս:
Բացի այդ նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով պոլիկլինիկայի տնօրենը 2008թ. հուլիս ամսվա վերջերին իր աշխատասենյակում քաղաքացուց անձամբ ստացել է 500 ԱՄՆ դոլար կաշառք և վերջինիս ներկայացրած անձին՝ նշանակել է ինֆեկցիոն կաբինետի բուժքույր։
Փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև, որ տնօրենը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2015-2017թթ ընթացքում բուժհաստատության մի քանի աշխատակիցներից պահանջել և ստացել է կաշառքներ՝ նրանց վերապատրաստման դասընթացների ուղարկելու համար:
Մեկ այլ դեպքում տնօրենը նույն պոլիկիլինիկայի էնդոկրինոլոգի՝ 2017թ. հոկտեմբերից մինչև 2018թ. ապրիլ ամիսը ներառյալ աշխատանքի չհաճախելու և էնդոկրինոլոգի պարտականությունները չկատարելու պայմաններում նրան չի ազատել աշխատանքից, փոխարենը վերջինս 7 ամիս շարունակ իր յուրաքանչյուր ամսվա 54.000 դրամ աշխատավարձը ստանալով բանկային քարտի միջոցով, հանձնել է տնօրենին՝ վերջինիս պահանջով, որը ևս յուրացվել է:
Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ Երևանի թիվ 16 պոլիկլինիկայի տնօրենը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, առանց պոլիկլինիկայի արհեստակցական կազմակերպության ընդհանուր ժողովի որոշման, նշված կազմակերպության նախագահ Ն. Գ.-ի միջոցով կանխիկացրել է պոլիկլինիկայի 2017 թվականի արհեստակցական կազմակերպության խոշոր չափերի հասնող՝ 524.000 ՀՀ դրամ գումարը և յուրացրել։
2018թ. հուլիսի 19-ին որոշում է կայացվել Մ. Ս.-ին որպես մեղադրյալ ներգրավվելու մասին և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է։
Նախաքննության ընթացքում առգրավվել են Երևանի թիվ 16 պոլիկլինիկայի 2012-2018 թթ. ընկած ժամանակահատվածում աշխատավարձերի վճարման տեղեկագրերը, բանկային փոխանցումների վերաբերյալ և այլ փաստաթղթերը, որոնցով ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից իրականացվում է ստուգում, որի արդյունքները դեռևս չեն ստացվել։
2019թ. հունվարի 24-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունում ստացվել է մեղադրյալ Մ. Ս.-ի դիմումը, որով վերջինս խնդրել է վերացնել իր նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը՝ հնարավորություն ընձեռելով ազատորեն ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին։
Փետրվարի 1-ին նա ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին և ցուցմունք տվել այն մասին, որ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով՝ 5 դրվագ, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ 1 դրվագ, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ 2 դրվագ, 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ 3 դրվագով առաջադրված մեղադրանքներում իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել է կատարած արարքների համար, փոխհատուցել է պատճառված նյութական վնասը և ներկայացրել 15.000.000 ՀՀ դրամ վճարում կատարելու վերաբերյալ անդորրագրերը, որից 11․500․000 դրամ մուծել է ՀՀ գլխավոր դատախազության, իսկ մնացածը՝ ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին։
Նկատի ունենալով, որ մեղադրյալ Մ. Ս.-ն ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին, զղջացել է կատարած հանցանքների համար, նախկինում դատված չի եղել, ունի մշտական բնակության վայր, փոխհատուցել է պատճառված նյութական վնասը և ազատության մեջ մնալով չի խուսափի քննությունից, 2019թ. փետրվարի 1-ին դատախազի որոշմամբ վերացվել է Մ. Ս.-ի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը և նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1135 դիտում
16:00 26-12-2024
Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)
1237 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1441 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ