211652_close_icon
views-count2602 դիտում article-date 13:27 01-02-2019

Գործադիրը հավանության է արժանացրել «ՀՀ պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգի» լրամշակված տարբերակը

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հունվարի 31-ի իր նիստում հավանություն է տվել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1708-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծին, որով էապես կբարելավվի պետբյուջեից սուբվենցիայի տրամադրման գործընթացի կազմակերպման արդյունավետությունը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախորդ տարիներին գործող տնտեսական և սոցիալական բաղադրիչներից բաղկացած սուբվենցիոն ծրագրերը համաֆինանսավորվում էին համապատասխանաբար 60/40 և 40/60 հարաբերակցությամբ։ Մասնավորապես, համայնքների տնտեսական ենթակառուցվածքների զարգացման ծրագրերն (ոռոգման ջրագծեր, գյուղատնտեսական տեխնիկա) ունեցել են առաջնահերթություն և պետական բյուջեից համաֆինանսավորվել է դրանց մինչև 60 տոկոսը, իսկ սոցիալական ծրագրերի դեպքում (փողոցների ասֆալտապատում, մանկապարտեզների, հասարակական շենքերի, խմելու ջրագծերի, լուսավորության համակարգի կառուցում, նորոգում և այլն)՝ համաֆինանսավորվել է ծրագրի արժեքի մինչև 40 տոկոսը։ Համայնքների կողմից համաֆինանսավորումն իրականացվում է ֆոնդային բյուջեի միջոցների հաշվին։ Փոփոխությունների և լրացումների ենթարկված որոշմամբ սահմանվում է համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի մշակման, քննարկման և հաստատման կարգը, հայտերի ձևաչափը, գնահատման մեխանիզմները, ինչը հնարավորություն կտա սահմանել արդյունքային վերահսկողության ցուցանիշները յուրաքանչյուր սուբվենցիոն հայտի համար, ծրագրերի իրականացումը և ֆինանսական միջոցների օգտագործումը կդարձնի ավելի թափանցիկ և վերահսկելի: Մասնավորապես, սահմանվել է ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի բազմագործոն ընթացակարգ, համաձայն որի բյուջետային ֆինանսավորման չափաբաժինը պայմանավորված կլինի մայրաքաղաք Երևանից ծրագրային հայտ ներկայացնող համայնքի հեռավորությամբ, սահմանամերձ և/կամ բարձր լեռնային բնակավայր լինելու հանգամանքով, ինչպես նաև ծրագրի ոլորտով (բնակավայրի փողոցների կառուցում/նորոգում/ ասֆալտապատում, խմելու ջրամատակարարման, ինչպես նաև ջրահեռացման համակարգի կառուցում/նորոգում, ոռոգման համակարգի կառուցում/նորոգում, փողոցային լուսավորության համակարգի կառուցում/նորոգում և այլն)։ Ընդ որում` նվազեցվել է համայնքների կողմից համաֆինանսավորման նվազագույն շեմը, և սկսել են դիտարկվել մինչև 50,0 մլն. ՀՀ դրամ համայնքային բյուջե ունեցող այն համայնքները, որոնք կներկայացնեն յուրաքանչյուր ծրագրի համար ընթացիկ տարվա համայնքային բյուջեների ֆոնդային մասից 3,0 մլն ՀՀ դրամ և ավելի համաֆինանսավորվող հայտեր։ 2018թ. ընթացքում ՀՀ համայնքների կողմից ներկայացվել է շուրջ 230 սուբվենցիայի ծրագրային հայտ, և քննարկման արդյունքներով միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հավանության է արժանացել 180-ը, ՀՀ պետական բյուջեից համաֆինանսավորվել է 1 մլրդ 621մլն ՀՀ դրամի չափով։ Իսկ նախորդ տարվա այն ծրագրերը, որոնք կասեցվել են անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով, նախատեսվում է իրականացնել այս տարի։

Նմանատիպ նյութեր