211652_close_icon
views-count3849 դիտում article-date 14:41 08-05-2014

Գործադիրը հավանության է արժանացրել «Սննդամթերքի անվտանգության մասին» օրինագիծը

Կառավարության հավանությունն ստացած հինգ օրինագծերը համապատասխանեցվել են Մաքսային միության նույն ոլորտին առնչվող օրենսդրությանը: Գործադիրը նախ հավանություն է տվել «Բուսասանիտարիայի մասին» օրենքի նախագծին, որը կարգավորում է ՀՀ պետական կառավարման լիազորված մարմնի և ՀՀ տարածքում գործող ֆիզիկական և իրավաբանական անձանց հարաբերությունները բուսասանիտարիայի ոլորտում, ամրագրում պարտադիր բուսասանիտարական պահանջները: Նիստում հավանություն է ստացել «Անասնաբուժության մասին» օրենքի նախագիծը, որով կարգավորվելու են երկրում անասնաբուժության ոլորտի իրականացմանը, կառավարմանն առնչվող հարաբերությունները: Գործադիրը հավանության է արժանացրել «Սննդամթերքի անվտանգության մասին» օրինագիծը, մեկ այլ հարակից օրենքում փոփոխություն և լրացում կատարելու նախագիծը: Նիստում հավանություն է տրվել «Կերի մասին» և «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքների նախագծերին: ՀՀ կառավարությունը քննարկել է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորներ: Նախագծով առաջարկվում է չվճարված կենսաթոշակի գումարը վճարել անցած ամբողջ ժամանակահատվածի համար, առանց ժամկետի սահմանափակման, վճարել նաև Հայաստանում չգտնվող կենսաթոշակառուի կենսաթոշակը: Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել խնդրի վերաբերյալ, քանի որ կենսաթոշակների վճարման ծախսը էապես կավելանա և առաջիկա 2-3 տարում կհասնի շուրջ 25 մլրդ դրամի. նշված ֆինանսական միջոցները նախատեսված չեն 2014թ. պետբյուջեով և ՀՀ պետական միջնաժամկետ ծախսային ծրագրերով: Գործադիրը դեմ է արտահայտվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու օրինագծին, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա առաջարկում է «էականորեն կրճատել երթևեկության կանոնների մի շարք նվազ վտանգավոր խախտումների համար նախատեսված տուգանքի չափերը», ինչը, ըստ կառավարության եզրակացության, պատշաճ հիմնավորված չէ և կարող է բացասական ազդեցություն ունենալ ճանապարհային պատահարների նախականխման տեսանկյունից: Նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:

Նմանատիպ նյութեր