211652_close_icon
views-count1116 դիտում article-date 15:59 06-11-2014

Գործադիրը հավանության է արժանացրել մի շարք օրենսդրական նախաձեռնություններ

Կառավարությունը հավանություն է տվել «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով լուծում է տրվում օրենքի կիրառման ընթացքում առաջացած իրավակիրառական խնդիրներին: Հավանության է արժանացել նաև «Դրամարկղային գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, որով հստակեցվում են օրենքում կիրառվող գյուղատնտեսական մթերքներ հասկացությունները, պարզեցվում է գյուղատնտեսության արտադրանք մթերող տնտեսվարողների գործունեությունը: Քննարկելով ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է փոփոխություններ և լրացում կատարել ՀՀ քրեական դատավարության և ՀՀ վարչական դատավարության օրենքներում, կառավարությունը հաշվի առնելով ներկայացված առաջարկության սոցիալական ուղղվածությունը, նախագծերի փաթեթը ընդունելի է համարել իր կողմից առաջարկված խմբագրական փոփոխություններով: Կառավարությունը ներկայացված տեսքով նպատակահարմար չի համարել Արհեստակցական միությունների մասին, ՀՀ աշխատանքային օրենսգրքում և Դատական ակտերի հարկադիր կատարման մասին ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ ԱԺ պատգամավորներ Էլինար Վարդանյանի և Ստեփան Մարգարյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած նախագծերի փաթեթի ընդունումը: ԱԺ պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Հովհաննես Մարգարյանի, Լևոն Դոխոլյանի, Իշխան Խաչատրյանի և Մհեր Շահգելդյանի ներկայացրած «Բազմազավակ ընտանիքների աջակցության և բազմազավակ մայրերի պետական խրախուսման մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարությունը գտնում է, որ այն չի համապատասխանում «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված հիմնական սկզբունքներին, մասնավորապես, հասցեականությանը, համարժեքությանը, անձի ակտիվության դրսևորման և ինքնօգնության ունակությունների զարգացմանը: Միաժամանակ, գնահատելով բարձրացված խնդրի կարևորությունը, նախագծի հեղինակներին առաջարկվել է առայժմ ձեռնպահ մնալ քննարկումից և համագործակցել կառավարության հետ՝ ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման ազգային ծրագրի շրջանակում բազմազավակ ընտանիքների աջակցությանը միտված առաջարկությունների համատեղ մշակման աշխատանքում: Գործադիրը աննպատակահարմար է համարել նույն պատգամավորների ներկայացրած մեկ այլ նախագծի ընդունումը, որով առաջարկվում է լրացում կատարել «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում, նպատակ ունենալով հավասար պայմաններ ստեղծել բուհական ՊՈԱԿ-ների և կրթական հիմնադրամների գործադիր մարմինների ղեկավարների համար, ինչը հնարավոր չէ տարբեր կազմակերպաիրավական ձև ունեցող կազմակերպությունների դեպքում: «Կրթության մասին» ՀՀ օրենքին հակասելու հիմնավորմամբ մերժվել է նաև Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:

Նմանատիպ նյութեր