211652_close_icon
views-count1722 դիտում article-date 23:12 31-01-2019

Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառում է անցկացվել Դանիայում

Հունվարի 30-ին Դանիայի Հելսինգե համայնքի ավագ դպրոցի 90 աշակերտների համար անցկացվեց Հայոց ցեղասպանությանը նվիրված հատուկ դասընթաց, որը նախաձեռնել էր դպրոցի ուսուցիչ Մարտին Թորբյորն Կնուդսենը (Martin Thorbjørn Knudsen)՝ Դանիայում Հայաստանի դեսպանության աջակցությամբ: Դասընթացի մեկնարկին Մարտին Կնուդսենն աշակերտներին ներկայացրեց Հայոց ցեղասպանության պատմությունը` մասնավորապես խոսեց երիտթուրքերի կողմից հայերի ծրագրային ոչնչացման դրդապատճառների ու ցեղասպանության հետևանքների մասին: Կնուդսենն անդրադարձավ նաև Թուրքիայի իշխանությունների` Հայոց ցեղասպանության հետևողական ժխտման քաղաքականությանը և ցեղասպանությունների գիտակցման ու ընդունման կարևորությանը` որպես ապագա սերունդների երկխոսության ու համերաշխության երաշխիք: Դասընթացին, որպես հիմնական դասախոսներ էին հրավիրվել դանիացի պատմաբան և համեմատական ցեղասպանագիտության մասնագետ Մաթիաս Բյորնլունդը (Matthias Bjørnlund) և Դանիայում Հայաստանի դեսպան Ալեքսանդր Արզումանյանը: Մաթիաս Բյորնլունդը «Հայոց ցեղասպանություն. սկզբից մինչ և վերջ» գրքի հեղինակն է, որը տպագրվել է դանիերեն լեզվով 2013 թվականին և լայն արձագանքի է արժանացել Դանիայի հասարակական, քաղաքական և գիտական շրջանակներում: Մաթիաս Բյորնլունդի դասախոսությունը նվիրված էր 19-20-րդ դարերի հայոց պատմությանը, նախկինում հայերով բնակեցված տարածքների նկարագրությանը և հայաթափման ողբերգալի իրադարձություններին: Նա հանգամանալից ներկայացրեց միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի և հարցի առնչությամբ եվրոպական երկրների դիրքորոշման մասին, ինչպես նաև անդրադարձավ հայերի ցեղասպանության հետ կապված սկանդինավյան արձագանքին ու հազարավոր հայ երեխաների կյանք փրկած դանիացի միսիոներներ Կարեն Յեպպեի (Karen Jeppe) ու Մարիա Յակոբսենի (Maria Jacobsen) մարդասիրական գործունեությանը: Դեսպան Արզումանյանի դասախոսության առանցքը ցեղասպանության հանցագործության դատապարտմանն ու կանխարգելմանն ուղղված միասնական պայքարի կարևորությունը ներկայացնելն էր: Այդ համատեքստում դեսպանն առանձնացրեց 2015թ. Հայաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից միաձայն ընդունված՝ Ցեղասպանության կանխարգելման բանաձևն ու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից դեկտեմբերի 9-ը Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի միջազգային օր հռչակելու շարունակական ջանքերը: Նա նշեց, որ անցյալ տարվա դեկտեմբերին Երևանում անցկացվեց «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 3-րդ գլոբալ ֆորումը, որն արդեն իսկ իրազեկվածության բարձրացման և կրթության խրախուսման միջոցով ցեղասպանությունների կանխարգելման ու այդ հանցագործության դեմ միասնական պայքարի կարևոր հարթակ է դարձել։

Նմանատիպ նյութեր