211652_close_icon
views-count5259 դիտում article-date 21:53 30-04-2018

Հայոց ցեղասպանության հիշատակման միջոցառում է անցկացվել Դանիայում

Ապրիլի 29-ին Դանիայի Օդեր քաղաքի Գիլինգ ավանում` դանիացի միսիոներ Կարեն Եփփեին նվիրված հուշաքարի մոտ, տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի 103-րդ տարելիցի հիշատակի ոգեկոչման և Կարեն Եփփեին հարգանքի տուրք մատուցելու արարողություն: Միջոցառման մեկնարկին դանիահայերի հոգևոր հովիվ Տեր Ստեփանոս Հովհաննիսյանի կողմից կատարվեց ցեղասպանության նահատակների ոգեկոչմանը նվիրված բարեխոսական կարգ: Այնուհետեւ ելույթ ունեցան Դանիայում ՀՀ դեսպան Ալեքսանդր Արզումանյանը, Օդերի քաղաքապետ Ուֆֆե Յենսենը եւ Գիլինգի պատմական արխիվի տնօրեն Մոգենս Հոյմարկը: Դեսպան Արզումանյանն իր ելույթում նշեց, որ Հայոց ցեղասպանության հիշատակի օրերը կարևոր առիթ են հարգանքի տուրք մատուցելու բոլոր նրանց, ովքեր հայ ժողովրդի համար ողբերգալի իրադարձությունների ընթացքում օգնության ձեռք են մեկնել ու բազմաթիվ հայերի կյանքեր փրկել: Խոսելով դանիացի միսիոներուհի Կարեն Եփփեի հայանպաստ գործունեության մասին` դեսպանն իր երախտիքն արտահայտեց ավելի քան 300 հայ որբերի կյանքը փրկելու եւ աշխարհին հայերի կոտորածների մասին տեղյակ պահելու նրա ջանքերի համար: Օդերի քաղաքապետ Ուֆֆե Յենսենը և Գիլինգի պատմական արխիվի տնօրեն Մոգենս Հոյմարկն իրենց խոսքում ընդգծեցին, որ արդեն 5-րդ տարի է ինչ մասնակցում են Գիլինգում անցկացվող այս միջոցառմանը, որն իրենց համար մարդասիրության և անձնվիրության խորհուրդ ունի: Նրանք խոսեցին դանիացի միսիոներուհիներ Մարիա Յակոբսենի և Կարեն Եփփեի առաքելության մասին, ովքեր իրենց կյանքը նվիրաբերել են հազարավոր հայերի փրկության համար: Արարողության ավարտին դեսպանն այցելեց Գիլինգի պատմական արխիվ` ծանոթանալու հայերի ցեղասպանության մասին Կարեն Եփփեի բազմաթիվ վկայություններին, հոդվածներին, արխիվային նյութերին: Միջոցառմանը ներկա էին Դանիայի հայ համայնքի ներկայացուցիչներ եւ բազմաթիվ դանիացիներ:

Նմանատիպ նյութեր