1571 դիտում
22:40 29-01-2019
Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպումներ է ունեցել Լատվիայի օրենսդիր և գործադիր իշխանության մարմիններում
Հունվարի 24-ին Ռիգա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Վիլնյուս) հանդիպումներ ունեցավ Լատվիայի օրենսդիր և գործադիր իշխանության մարմիններում։
Լատվիայի Սաեյմայում (խորհրդարան) դեսպան Մկրտչյանն առանձին հանդիպումներ ունեցավ խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռիհարդս Կոլսի (Rihards Kols) («Ազգային միություն» կուսակցություն), եվրոպական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վիտա Անդա Տերաուդայի (Vita Anda Tērauda) («Զարգացմանը՝ Այո» խմբակցություն) և պատգամավոր Իվանս Կլեմենտևսի (Ivans Klementjevs) հետ (Պաշտպանության, ներքին գործերի ու կոռուպցիայի կանխարգելման մշտական հանձնաժողովի անդամ, «Համաձայնություն կուսակցություն»):
Հանդիպումների ընթացքում քննարկվեցին երկու երկրներում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանի և Լատվիայի օրենսդիր իշխանության մարմինների միջև փոխգործակցության առավել խորացմանն ուղղված քայլեր։
Կողմերը համակարծիք էին, որ ավանդաբար երկու երկրների խորհրդարանների միջև ձևավորված սերտ փոխգործակցությունն ամուր հիմք է հանդիսանում համագործակցությանը նոր լիցք հաղորդելու և նոր գաղափարներ կյանքի կոչելու համար։ Այդ համատեքստում դեսպան Մկրտչյանը կարևորեց խորհրդարանական բարեկամության խմբերի ձևավորման անհրաժեշտությունը, պատգամավորների միջև մշտական կապի առկայությունը։
Առանձնազրույցների ընթացքում ընդգծվեց հայ-լատվիական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստն առաջիկայում անցկացնելու անհրաժեշտությունը, անդրադարձ կատարվեց նաև երկկողմ այցերի կազմակերպմանը: Լատվիացի օրենսդիրներն իրենց պատրաստակամությունը հայտնեցին խորհրդարանական մակարդակով աջակցելու Հայաստանում ընթացող բարեփոխումներին և ժողովրդավարական գործընթացներին։
Նույն օրը Լատվիայի արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ ոչ ռեզիդենտ դեսպանների համար նախատեսված տարեկան ընդունելությունը, որի ընթացքում դեսպան Մկրտչյանը Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսին (Edgars Rinkēvičs) փոխանցեց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի շնորհավորական նամակը ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ, և իր շնորհակալությունը հայտնեց ավելի վաղ Լատվիայի արտաքին քաղաքական տարեկան զեկույցը ներկայացնելիս Հայաստանի հասցեին հնչեցրած բարձր գնահատականի համար, որտեղ Էդգարս Ռինկևիչսը Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններն անվանել էր «իրապես ազատ և ժողովրդավար», հավելելով, որ «բարեփոխումներ իրականացնելու Հայաստանի քաջության և վճռականության համար Լատվիան շարունակելու է բոլոր հնարավոր միջոցներով աջակցություն ցուցաբերել»:
Նմանատիպ նյութեր
2515 դիտում
15:26 22-12-2016
Դեսպան Մկրտչյանը հանդիպումներ է անցկացրել Էստոնիայի օրենսդիր և գործադիր մարմիններում
1128 դիտում
19:06 30-11-2016
Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Լատվիայի ԱԳՆ պետքարտուղարի հետ
Այս բաժնից
802 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
829 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»