211652_close_icon
views-count1866 դիտում article-date 13:56 29-01-2019

ՅՈՒՆԻՍԵՖ-ը 3.9 մլրդ ԱՄՆ դոլարի հավաքագրման կոչ է անում` աղետալի հումանիտար ճգնաժամերում գտնվող 41 մլն երեխաների օգնություն ցուցաբերելու համար

ՅՈՒՆԻՍԵՖ-ն այսօր 3,9 միլիարդ ԱՄՆ դոլարի հավաքագրման կոչ արեց՝ հումանիտար ճգնաժամի մեջ գտնվող երեխաներին իր աջակցությունը շարունակելու համար: Հակամարտությունների, բնական աղետների և այլ արտակարգ իրավիճակների պատճառով միլիոնավոր երեխաներ զրկված են կենսական անհրաժեշտության ծառայություններից, ինչը ռիսկի է ենթարկում նրանց անվտանգությունը, բարեկեցությունն ու ապագան: «Միլիոնավոր երեխաներ անասելի բռնության, սթրեսի և տրավմայի են ենթարկվում այսօր հակամարտությունների կամ աղետների պատճառով»,- ասում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գլխավոր տնօրեն Հենրիետա Ֆորը: «Երեխայի պաշտպանության մեր ծրագրերի արդյունքը չենք կարող թերագնահատել: Եթե երեխաները անվտանգ խաղալու տեղ չունենան, եթե նրանք չկարողանան վերամիավորվել իրենց ընտանիքների հետ և չստանան սոցիալ-հոգեբանական աջակցություն, ապա չեն կարողանա ապաքինվել պատերազմի անտեսանելի վերքերից»: Իր ամենամյա «Հումանիտար գործողություն հանուն երեխաների» դրամահավաքի կոչի շրջանակներում ՅՈՒՆԻՍԵՖն այս տարի ծրագրել է 59 երկրներում ապրող 41 միլիոն երեխաների ապահովել մաքուր ջրով, սննդով, կրթությամբ, առողջապահական և պաշտպանության ծառայություններով: Հավաքագրված գումարից 385 միլիոն ԱՄՆ դոլար ծախսվելու է երեխայի պաշտպանության ծրագրերի համար, որից 121 միլիոնը կուղղվի միայն Սիրիայի ճգնաժամից տուժած երեխաների պաշտպանությանը: «Այս երեխաներին աջակցություն ցուցաբերելը կրիտիկական նշանակություն ունի, բայց առանց նշանակալի և միավորված միջազգային գործողության, շատերն ուղղակի կանտեսվեն»,- ասաց ՅՈՒՆԻՍԵՖ-ի արտակարգ իրավիճակների ծրագրերի տնօրեն Մանուել Ֆոնթեյնը: «Միջազգային հանրությունը պետք է արտակարգ իրավիճակներում հայտնված երեխաներին աջակցելու պարտավորություն ստանձնի»: Հավաքագրվող գումարը կծախսվի հետևյալ 5 ուղղություններով՝ Սիրայից փախստականների և նրանց ընդունող համայնքների՝ Եգիպտոսի, Հորդանանի, Լիբանանի, Իրաքի և Թուրքիայի աջակցությանը (904 ԱՄՆ դոլար), ինչպես նաև Եմենին (542,3 ԱՄՆ դոլար), Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությանը (326,1 ԱՄՆ դոլար), Սիրիային (319,8 ԱՄՆ դոլար) և Հարավային Սուդանին (179,2 ԱՄՆ դոլար): Հավաքագրված գումարով և գործընկերների աջակցությամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ը 2019թ-ին պատրաստվում է՝ 4 միլիոն երեխայի և խնամատարի սոցիալ-հոգեբանական աջակցություն տրամադրել, 43 միլիոն մարդու մաքուր ջուր մատակարարել, 10,1 միլիոն երեխայի ապահովել տարրական կրթությամբ, 10,3 միլիոն երեխայի պատվաստել կարմրուկի դեմ, 4.2 միլիոն երեխայի բուժել ծանր թերսնուցումից: 2018թ. առաջին տասն ամիսների ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ՝ 3,1 միլիոն երեխա և խնամատար սոցիալ-հոգեբանական օգնություն է ստացել; 35,3 միլիոն մարդու մաքուր ջուր է մատակարարվել; 5,9 միլիոն երեխա ստացել է կրթություն; 4,7 միլիոն երեխա պատվաստվել է կարմրուկի դեմ; 2.6 միլիոն երեխա բուժվել է ծանր թերսնուցումից:

Նմանատիպ նյութեր