211652_close_icon
views-count1812 դիտում article-date 21:14 28-01-2019

Ռազմաբժշկական կրթությունը Հայաստանում վստահ քայլերով առաջ է ընթանում

Աշխատանքային և ուսումնական շաբաթվա մեկնարկը տրված է։ Ավագ բժիշկների բարձր մասնագիտական որակներով ոգեշնչված, նոր գաղափարներով լի և ավելիին հասնելու պատրաստակամությամբ իրենց հագեցած օրն են սկսում նաև ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի հետբուհական կրթության ամբիոնի առաջին կուրսի կլինիկական օրդինատորներ՝ Արմինե Ալեքսանյանն ու Լիդա Աղայանը։ Ապագա մանկաբարձ-գինեկոլոգներն առավելապես հետաքրքրված են վերարտադրողական բժշկության նորագույն ձեռքբերումներով: Սովորողները լավ գիտեն՝ հենց իրենք ընդամենը մի քանի տարի հետո պետք է պատասխանատվություն կրեն միաժամանակ երկու մարդկային կյանքի համար։ Լիդա Աղայանը գերազանցությամբ ավարտել է Գյումրիի թիվ 19 միջնակարգ դպրոցը: 2012 թվականին որպես ԱՊՀ ուսանող (նախքան ԵՊԲՀ ընդունվելը Ռուսաստանում է բնակվել) ընդունվել է Ընդհանուր բժշկության ֆակուլտետ, որը ևս գերազանցությամբ է ավարտել։ Պատահական չէ, որ ուսումը կլինիկական օրդիանատուրայում նա շարունակում է անվճար համակարգում: Արմինե Ալեքսանյանն սովորել է Գեղարքունիքի մարզի Ն.Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցում: Ավարտելով դպրոցը գերազանցության ոսկե մեդալով՝ ընդունվել է Երևանի Մխիթար Հերացու պետական բժշկական համալսարան: Ընդհանուր բժշկության ֆակուլտետը Արմինեն ավարտել է գերազանցության կարմիր դիպլոմով: Հանդիսացել է Գրիգոր Արեշյանի անվան անվանական կրթաթոշակառու: Այժմ սովորում է ԵՊԲՀ կլինիկական օրդինատուրայի անվճար համակարգում: Երկու սովորողն էլ այն կարծիքին են, որ բժշկությունը ինքնին մարդասիրություն է, իսկ բնության մեծագույն ստեղծագործությունը մարդն է, հետևաբար մեծագույն հաճույք է, օգնել նոր մարդուն լույս աշխարհ գալ: Կարևոր այս առաքելությանը տարիներ անց լիարժեք տիրապետելու հարցում նրանք ջանք չեն խնայում։ Իսկ առաջիկայում մանկաբարձ-գինեկոլոգի մասնագիտացում ընտրել պատրաստվողներին խորհուրդ են տալիս անսահման սիրել ապագա մասնագիտությունը և սովորել հաճույքով։

Նմանատիպ նյութեր