211652_close_icon
views-count2049 դիտում article-date 19:10 25-01-2019

Արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցների իրավունքները կլինեն առավել երաշխավորված. Պաշտպանի մասնակցությամբ եռակողմ հանդիպում Մոսկվայում

Հունվարի 24-ին Մոսկվայում տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի և Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի եռակողմ հանդիպումը: Հանդիպումն առանձնացել է կարևորությամբ՝ հատկապես կապված Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած կամ այնտեղ ժամանակավորապես բնակվող մեր հայրենակիցներին հուզող խնդիրների լուծման հետ: Նրանք Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին և Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատարին հասցեագրում են բողոքներ կապված իրենց աշխատանքային, սոցիալական, առողջապահական, կենսաթոշակային, կրթականև այլ իրավունքների հետ։ Խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ, օրինակ, ՌԴ-ում ու Հայաստանում աշխատած ժամանակահատվածը չի հաշվարկվում միասնական կենսաթոշակային ստաժի մեջ կամ խնդիրներ են առաջ գալիս բժշկական ծառայություններից ու դրա հետ կապված սոցիալական փաթեթից օգտվելու հարցում: Առկա են նաև դիմումներ, որոնք վերաբերում են աշխատանքային իրավունքներին, երկրից վտարելու որոշմանը, ընտանիքներով Ռուսաստան մեկնելու դեպքում հանրակրթական դպրոցներում ու նախադպրոցական հաստատություններում երեխաների ուսուցմանը և այլն: Քննարկվել են նաև Հայաստանում բնակվող ռուսաստանցիների իրավունքների պաշտպանության հարցերը: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի և Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատարի միջև առկա արդյունավետ համագործակցության շնորհիվ նմանատիպ բոլոր դեպքերում հարցը փոխանցվում է ՌԴ գործընկերներին, որոնք էլ հաստատված պրակտիկայի ուժով ձեռնարկում են միջոցներ քաղաքացու իրավունքի իրացումն ապահովելու ուղղությամբ: «Ես հաճախ եմ մեր քաղաքացիների բարձրացրած հարցերը քննարկում իմ ռուս գործընկերոջ հետ, սակայն իրավական համակարգերի տարբերությունների պատճառով մենք` օմբուդսմաններս, հաճախ չենք կարողանում լուծել քաղաքացիներին վերաբերող առանձին խնդիրներ», - նշել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կարևոր առաջնահերթություններից է մարդու իրավունքների և ազատությունների ապահովումը, համապատասխան օրենսդրության ներդաշնակեցումն ու հակասությունների վերացումը: Ուստի, նշված նպատակներից ելնելով էլ Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման ընթացքում քննարկվել են հարցեր, որոնց բախվում են երկու երկրների քաղաքացիները Հայաստանում և Ռուսաստանում: Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Արման Թաթոյանին և Տատյանա Մոսկալկովային՝ լիարժեք պատրաստակամություն հայտնելով աջակցել երկու երկրների օմբուդսմանների գործունեությանը՝ աշխատողների համար հավասար աշխատանքային պայմաններ ստեղծելու նպատակով։ Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան իր հերթին ընդգծել է եռակողմ հանդիպման կարևորությունը` շեշտելով, որ անհրաժեշտ է համատեղ ջանքերով նպաստել մարդու իրավունքների ամբողջական իրականացման: Հանդիպման ընթացքում կողմերը նախանշել են հետագա աշխատանքի կոնկրետ ուղղություններ ու ծրագրեր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր