211652_close_icon
views-count2585 դիտում article-date 15:17 25-01-2019

Լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանը նշում Է իր ծննդյան 93-րդ տարեդարձը

Լեգենդար ընդհատակյա հետախույզ Գոհար Վարդանյանը, որը հունվարի 25-ին նշում Է ծննդյան 93-րդ տարեդարձը, նվերներ Է ստացել Ռուսաստանի տարբեր տարածաշրջաններից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է ՌԴ-ի Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյի ղեկավար Սերգեյ Իվանովը: «Արդեն բարի ավանդույթ Է դարձել, որ այդ օրը նա շնորհավորանքներ եւ նվերներ Է ընդունում, որոնք իրենց ձեռքով պատրաստել են մարդիկ մեր մեծ երկրի տարբեր անկյուններից: Այսպես, Մոսկվայի խոհարարական քոլեջի ուսանողները Գոհար Լեւոնովնային ուրախացրել են անչափ համեղ տորթով, իսկ Կոստրոմայի մարզից մի վարպետ մարգարիտով նախշակարված կաճյակներ (վալենկաներ) Է կարել հետախույզ կնոջ համար»,- նշել Է Իվանովը: «Այս տոնական օրը Գոհար Լեւոնովնայի բոլոր գործընկեները, Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) աշխատակիցները եւ վետերանները միանում են շնորհավորանքներին եւ մաղթում քաջառողջություն, երկարակեցություն, երջանություն եւ հիանալի տրամադրություն»,- հավելել Է նա: Գոհար Վարդանյանը ծնվել Է 1926 թվականի հունվարի 25-ին Հայաստանի Լենինական (Գյումրի) քաղաքում: 1930-ական թվականների սկզբին ընտանիքով բնակության Է տեղափոխվել Իրան: 16 տարեկան հասակում մտել Է իր ապագա ամուսնու եւ զինակցի՝ Գեւորգ Վարդանյանի հակաֆաշիստական խումբը, որի հետ միասին Իրանում ակտիվ հետախուզական աշխատանք Է կատարել բարդ պայմաններում: 1943 թվականին այդ խմբի կազմում մասնակցել Է Թեհրանի խորհրդաժողովի անվտանգության ապահովման գործողությանը: Այդ ժամանակ կանխվել Է «մեծ եռյակի» ղեկավարների՝ Ստալինի, Ռուզվելտի եւ Չերչիլի դեմ հիտլերյան հատուկ ծառայությունների մահափորձը: Մասնագետների կարծիքով՝ նրանց աշխատանքի արդյուքներն այնքան նշանակալից են, որ երբեք չեն գաղտնազերծվի:

Նմանատիպ նյութեր