211652_close_icon
views-count1078 դիտում article-date 15:48 18-01-2019

Ծառուկյանը վստահեցնում է՝ ԲՀԿ-ի ու ԼՀԿ-ի միջև լարվածություն չկա

ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների միջև լարվածություն չկա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հունվարի 18-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով հունվարի 16-ին երկու խմբակցությունների պատգամավորների միջև տեղի ունեցած բանավեճին: «Դրանք բանավեճեր, խոսակցություններ են: Նորմալ է, բոլոր ընտանիքներում էլ խոսակցություններ լինում են: Դուք տեսնում եք, որ օր օրի կարգավորվում է: Նոր խորհրդարան է, խոսակցություններ կան, ամեն ինչ լավ կլինի, ամեն ինչ տեղը կընկնի»,- ասաց Ծառուկյանը: Հունվարի 16-ին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արման Բաբաջանյանն իր ելույթում անդրադարձավ որոշ երկրներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպաններին ու նրանց գործունեությանը: Քննադատական ելույթի ընթացքում չշրջանցեց նաև Ուկրաինայում Հայաստանի նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանին: Նախկին դեսպանի որդին՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Մանուկյանն առաջինն արձագանքեց Բաբաջանյանին՝ հորդորելով նրան չշարունակել, իսկ կրքերն ավելի թեժացան, երբ ամբիոնին մոտեցավ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը և հայտարարեց, որ Բաբաջանյանի ասածն ամբողջովին սուտ է: Բանավեճին խառնվեց նաև ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, մի քանի պատգամավորներ ոտքի կանգնեցին ու սկսեցին բղավել միմյանց վրա: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը փորձեց հանդարտեցնել կրքերը:

Նմանատիպ նյութեր