ԱԺ փոխխոսնակի խոսքով՝ իրենք չեն որոշում ընդդիմադիրության սահմաններն ու չափանիշները
Ազգային ժողովի նորընտիր փոխխոսնակ Լենա Նազարյանը չգիտի, թե որտեղ կձևավորվի կամ որտեղ է ընդդիմությունը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Նազարյանը հայտարարեց հունվարի 18-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:
«Խորհրդարանական ընտրությունների ժամանակ էլ մենք ասել ենք, որ մեր խոսքով որևէ կերպ չենք ուղղորդելու և կողմնորոշելու քաղաքացիներին՝ ընդդիմություն ընտրելու հարցում: Մենք չենք որոշում՝ որ ուժն է ընդդիմություն, մենք չենք որոշում ընդդիմադիրության սահմաններն ու չափանիշները: Հետևապես՝ որտեղ կձևավորվի ընդդիմությունը կամ որտեղ է այն, ես չեմ կարող ասել»,- ասաց Լենա Նազարյան:
7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը մեկնարկել է հունվարի 14-ին:
ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացված է երեք քաղաքական ուժ. «Իմ քայլը» դաշինք, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն և «Լուսավոր Հայաստան» կուսակցություն: ԱԺ առաջին նիստում միաձայն նախագահ ընտրվեց Արարատ Միրզոյանը: Ազգային Ժողովի 2 փոխնախագահների պաշտոնում «Իմ քայլը» խմբակցության կողմից ընտրվեցին Ալեն Սիմոնյանն ու Լենա Նազարյանը: Ընդդիմության փոխխոսնակի պաշտոնում ընտրվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը: «Լուսավոր Հայաստան»-ը առաջադրել էր Մանե Թանդիլյանի թեկնածությունը: