211652_close_icon
views-count3626 դիտում article-date 10:38 15-01-2019

Նիկոլ Փաշինյանը «պռավալ է տվել» Եվրամիության հետ հարաբերությունը․ «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «ԱԺ արդեն մի քանի ժամվա նախագահ Արարատ Միրզոյանը փորձել է հաշվարկել, թե երբ ԵՄ անդամ երկրների կողմից կվավերացվի ՀՀ-ԵՄ համաձայնագիրը: 168.am-ի հարցին ի պատասխան, թե արդյոք այս տարի կավարտվի՞ համաձայնագրի վավերացումը, կամ ե՞րբ է դա հնարավոր, Ա.Միրզոյանը պատասխամել է, թե գուցե շատ իրատեսական չէ այս տարի ԵՄ բոլոր երկրների կողմից վավերացումը, բայց նաև պատուհան կա և, այսպես ասած, շատ լավ աշխատելու և ջանքեր գործադրելու դեպքում, հնարավոր է՝ դա տեղի ունենա այս տարի: Ակնհայտ է, որ Արարատ Միրզոյանն ընդամենը քաղաքական կոռեկտություն է հանդես բերում՝ չբացառելով, թե գուցե այս տարի հնարավոր լինի Հայաստան-ԵՄ համաձայանագրի վավերացումը։ Չի լինելու։ Այդ մասին խոսում են ոչ միայն նախկին իշխանական ուժերը՝ հանրապետականները, այլ նաև եվրոպացի շատ փորձագետներ։ Հայտնի է, որ համաձայնագրի մի մասը՝ մոտ 80 տոկոսը, ուժի մեջ է մտել նախորդ տարվա հուլիսի 1-ից, դրանից հետո մեծ դժվարությամբ, կրկին նույն ՀՀԿ-ականների, հիմնականում՝ Արմեն Աշոտյանի քննադատությունից հետո միայն ձևավորված միջգերատեսչական հանձնաժողովը Բրյուսելին ներկայացրել է համաձայնագրի իրականացման ճանապարհային քարտեզ, որը, տարբեր տեղեկությունների համաձայն, մեղմ ասած, վերապահումով է ընդունվել եվրոպացի պաշտոյաների կողմից։ Խնդիրը, սակայն, միայն Հայաստան-ԵՄ համաձայնագիրը չէ, որը, այո, նաև օբյեկտիվ պատճառներով, ինչպես նշել է Արարատ Միրզոյանը, ամենայն հավանականությամբ, չի վավերացվի այս տարվա ընթացքում։ Խնդիրը Հայաստանի նոր իշխանության կողմից վարվող արտաքին քաղաքական միավեկտոր կուրսն է, որն ամենամեծ ցանկության դեպքում անգամ դժվար է որակել այլ կերպ, քան՝ «ռուսահպատակություն»։ Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ անցած 8 ամիսների ընթացքում Նիկոլ Փաշինյանը, բառի բուն իմաստով, «պռավալ է տվել» Հայաստանի արտաքին քաղաքականության ամենակարևոր ուղղությունը՝ Եվրամիության հետ հարաբերությունը։ Հարաբերություն, որ այդքան քննադատվող Սերժ Սարգսյանին շատ մեծ դժվարությամբ էր հաջողվել հասցնել այն մակարդակին, որը ժառանգվեց Նիկոլ Փաշինյանին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր