211652_close_icon
views-count2190 դիտում article-date 15:21 10-01-2019

Կկանոնակարգվի որդեգրման փաստի, ծննդավայրի, ծննդյան ժամանակի, կենսաբանական ծնողների անձնական տվյալների տրամադրման գործընթացը

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է 18 տարին լրացած որդեգրված անձին իր որդեգրման փաստի, ծննդավայրի և ժամանակի, ինչպես նաև իր կենսաբանական ծնողների անձնական տվյալների վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կարգը: Ըստ այդմ՝ պետական, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների՝ ի դեմս ՔԱԿԳ մարմինների, կողմից 18 տարին լրացած որդեգրված անձանց՝ վերջիններիս կողմից ներկայացված դիմումի հիման վրա, տրամադրվելու են տեղեկանքներ իրենց որդեգրման փաստի, որը ներառում է որդեգրվածի՝ մինչև որդեգրումը անվան, հայրանվան, ազգանվան, ծննդյան ժամանակի, ծննդյան վայրի, ինչպես նաև իրենց կենսաբանական ծնողների անձնական տվյալների մասին, այդ թվում՝ ազգության, արյան խմբի, հիվանդությունների մասին տեղեկատվություններ: Կենսաբանական ծնողների անձնական տվյալների վերաբերյալ տեղեկությունները տրամադրվելու են միայն ծնողների՝ իրենց տվյալները որդեգրված երեխային տրամադրելու համաձայնության առկայության դեպքում: Որդեգրվածը կարող է ցանկություն հայտնել ծանոթանալ միայն ծնողների հիվանդությունների, ազգության, քաղաքացիության և այլ տեղեկություններին՝ առանց նրանց նույնականացման: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է որդեգրման ընթացակարգին, այդ ուղղությամբ տարվող քաղաքականությանը և նշել, որ վերջին շրջանում նամակներ է ստանում այն մասին, որ որդեգրման գործընթացի պրոցեսում կան արհեստական խոչընդոտներ և գոյություն ունի իրավաբանական մեծ քաշքշուկ: «Իհարկե, հարցը նուրբ է, բայց մեր քաղաքականությունն ի՞նչպիսին է, մենք ուզում ենք խթանե՞լ որդեգրման պրոցեսը, թե՞ ուզում ենք արգելակել: Հայաստանում կան անզավակ ընտանիքներ, որոնք ուզում են և կուզենային երեխաներ որդեգրել: Չե՞ք կարծում, որ մենք, իհարկե, ապահովելով համակողմանիորեն երեխաների շահերն ու երաշխիքները, պետք է այս առումով աշխատենք առավել նպաստող քաղաքականություն վարել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը նշել է, որ իրենք համագործակցում են սոցիալական ծառայությունների հետ: [img]http://st0.shamshyan.com/editor/029599200154711781122915.jpg[/img] «Այս ոլորտը կարգավորող բազմաթիվ միջազգային փաստաթղթեր կան: Մենք պետք է առաջնորդվենք շահերի հավասարակշռման իրավունքների ապահովման սկզբունքով: Այս ոլորտում եղել են կասկածներ, որ որդեգրումն իրականացվում է երեխաների շահերի խախտմամբ: Մենք կատարել ենք հետազոտություններ, մշտապես այցելում ենք արտասահմանում որդեգրված երեխաներին, տեղում ծանոթանում ենք պահման պայմաններին»,- ասել է նախարարի պաշտոնակատարը՝ հավելելով, որ ևս մեկ անգամ կվերանայեն գործող ընթացակարգերի արդյունավետությունը և մատչելիությունը: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է տեղեկանք ներկայացնել արտասահմանում որդեգրված երեխաների կեցության վերաբերյալ: Ի պատասխան վարչապետի պաշտոնակատարի հարցին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արսեն Մանուկյանն էլ մանրամասներ է ներկայացրել մանկատան շրջանավարտների համար մինչ այժմ իրականացված ծրագրերի և առկա խնդիրների մասին: Կառավարության ղեկավարի պաշտոնակատարը կարևորել է նաև մանկատան երեխաների համար որակյալ կրթության ապահովումը: «Պատշաճ կրթություն ապահովելն ավելի կարևոր է, քան ցանկացած որևէ այլ նյութական միջոցով ապահովելը: Չնայած ես չեմ նսեմացնում նյութական միջոցով ապահովելը, բայց մեր քաղաքականությունը պետք է ուղղված լինի, որ այդ մարդիկ պատշաճ կրթություն ստանան, և կրթական հարցում նրանց նկատմամբ ուշադրությունն ավելի մեծ լինի»,-նշել է Նիկոլ Փաշինյանը՝ առաջարկելով շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին քննարկել հարցը՝ ոլորտում առկա խնդիրները հասկանալու և նոր լուծումներ առաջարկելու համար:

Նմանատիպ նյութեր