211652_close_icon
views-count1394 դիտում article-date 10:55 27-12-2018

Եթե չկա մշակութային քաղաքականություն, ապա ի՞նչ տարբերություն․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Կառավարության օպտիմալացման և նախարարությունների քանակը կրճատելու նպատակն ակնհայտ է՝ խնայել պետական միջոցները՝ հաստիքները, սպասարկող մեքենաները, վառելիքը, ներկայացուցչական ծախսերը, ազատվել ավելորդ բյուրոկրատական բեռից: Օպտիմալացման ընդդիմախոսները հարցին մոտենում են զուտ «քնարական» տեսանկյունից՝ առանց մշակույթի նախարարության հայ մշակույթը կկործանվի, եթե չլինի սփյուռքի նախարարություն, ապա Սփյուռքն անտեր կմնա և այլն: Քանի որ հիմնական մտահոգությունները հնչում են ոչ թե գյուղնախարարության կամ, ասենք, Ջրպետկոմի միաձուլման վերաբերյալ, այլ սփյուռքի և մշակույթի նախարարությունների, անդրադառնանք հենց դրանց: Ասում են, սփյուռքի նախարարության մասին կարծիքներ է պետք լսել Սփյուռքից: Համաձայն չեմ. նախարարության մի քանի տասնյակ աշխատակիցները աշխատավարձ են ստանում մեր՝ հայաստանցի հարկատուների միջոցներից, և հետևաբար այդ հարցով պետք է դիմել մեզ՝ ՀՀ քաղաքացիներիս: Իսկ քաղաքացիներն ընտրել են խորհրդարանի ներկա կազմը, որը պիտի քննարկի խնդիրը և քվեարկի՝ հաստատելով կամ մերժելով կառավարության նոր կառուցվածքը: Իմ կարծիքով՝ այս 28 տարիների ընթացքում Սփյուռքի հետ տարվող աշխատանքն անբավարար էր թե՛ այն ժամանակ, երբ սփյուռքի նախարարություն չկար, և թե՛ այն ժամանակ, երբ նման նախարարություն կար: Հիմնական թերությունն այն է, որ պահպանվել էր խորհրդային «Սփյուռքի կոմիտեի» տրամաբանությունը՝ միջոցառումներ, կենացներ, միասնության երդումներ և այլն: Անկախ պետության բացակայության պայմաններում դա միանգամայն արդարացված էր: Հիմա այդ միջոցառումները գուցեև շոյում են սփյուռքահայերի մի մասի ինքնասիրությունը, բայց զուտ Հայաստան պետության օրակարգի հետ կապ չունեն: Իսկ մեր օրակարգն է՝ անվտանգությունը, տնտեսությունը, կրթությունը, լայն իմաստով՝ լոբբիզմը, որտեղ Սփյուռքը կարող է հսկայական դեր խաղալ: Երբ ես այս հարցերը տալիս էի սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանին, նա միանգամայն տեղին պատասխանում էր, որ նման հարցերով ավելի լավ է դիմեմ արտգործնախարարությանը: Այդ գերատեսչությունն անշուշտ պետք է ուժեղացնել, գործառույթներն ընդլայնել և դարձնել ԱՄՆ Պետդեպարտամենտի նման մի կառույց, որը կզբաղվի նաև մեր քաղաքականության «սփյուռքյան» մասով: Նույնը՝ մշակույթի նախարարությունը: Եթե չկա մշակութային քաղաքականություն, ապա ի՞նչ տարբերություն՝ այն բացակայում է առանձին նախարարության առկայությա՞ն, թե՞ միաձուլման պարագայում: Իսկ եթե այն լինի, ապա կարող է իրականացվել կառույցի ցանկացած կարգավիճակի պայմաններում: Իհարկե, սպասվում է կադրերի կրճատում: Բայց ինչու պետք է բյուրոկրատական ապարատում տեղ զբաղեցնելը լինի սոցիալական խնդիրների լուծման միջոց: Մեղք են մարդիկ, որոնք զրկվելու են աշխատանքից, բայց ավելի մեղք ենք մենք՝ հարկատուներս, որ պահում ենք հսկայական անարդյունավետ կառույցներ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր