1573 դիտում
12:33 26-12-2018
«Առողջ ապրելակերպ» առարկան դասավանդող 248 ուսուցիչ վերապատրաստվել է
«Առողջ ապրելակերպ» առարկան դասավանդող ուսուցիչները վերապատրաստվել են: Այդ առիթով կազմակերպված միջոցառմանը մասնակցել են Առողջապահության նախարարության, կրթության ոլորտի, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից:
Մասնակիցներին ողջունել է առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը՝ կարևորելով դպրոցներում «Առողջ ապրելակերպ» առարկայի դասավանդումը, ինչը երաշխիք է վաղ հասակից երեխաների մոտ ձևավորելու առողջ կենսակերպ: «Հանրային առողջապահության տեսակետից շատ կարևոր է առողջ ապրելակերպի սերմանումը արդեն իսկ մանկական տարիքում», - ընդգծել է փոխնախարարը:
«ՅՈՒՆԵՍԿՕ»-ի տարածաշրջանային գրասենյակի խորհրդատու, առողջ ապրելակերպի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման հարցերով Տիգրան Եպոյանը ներկայացրել է միջազգային փորձը՝ պատրաստակամություն հայտնելով շարունակելու համագործակցությունը Հայաստանի հետ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ մեծահասակների վաղաժամ մահացության 60%-ը պայմանավորված է դպրոցական և դեռահասային տարիքում ձեռք բերված վարքագծով: Առողջ սնունդը, ֆիզիկական ակտիվությունը, ծխախոտից զերծ մնալը, սեռական և վերարտադրողական առողջության հիմունքներից տեղեկացված լինելը ոչ միայն նպաստում են երեխաների և դեռահասների առողջության ամրապնդմանը, այլև նվազեցնում են մեծ տարիքում հիվանդացության ռիսկը:
Հայաստանի դպրոցներում «Առողջ ապրելակերպ» առարկայի ուսուցումը ներդրվել է 2008 թվականից: Այդուհանդերձ, «Դպրոցահասակ երեխաների առողջական վարքագծի հետազոտության» արդյունքում դասավանդման որոշ թեմաների շուրջ ի հայտ են եկել որոշակի խնդիրներ, ինչը հիմք է հանդիսացել վերանայելու և բարելավելու տվյալ գործընթացը: Հաստատվել և գործում է «Երեխաների և դեռահասների առողջության և զարգացման ռազմավարությունը»՝ 2016 -2020 թթ. գործողությունների պլանով:
«Արաբկիր» բժշկական համալիր–Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի նախաձեռնությամբ, Կրթության ազգային ինստիտուտի, առողջապահության և կրթության և գիտության նախարարությունների հետ սերտ համագործակցությամբ՝ «ՅՈՒՆԵՍԿՕ»-ի տարածաշրջանային գրասենյակի համատեղ ջանքերով վերանայվել և տպագրվել է «Առողջ ապրելակերպ» մեթոդական ձեռնարկը ուսուցիչների համար: Հատուկ մշակված ուսումնական ծրագրով իրականացվել է մայրաքաղաքի 185 դպրոցի 248 ուսուցչի վերապատրաստում: Ծրագրի շրջանակում նաև ստեղծվել է տեղեկատու հարթակ դեռահասների և երիտասարդների համար` www.teenslive.am, նկարահանվել են թեմատիկ տեսահոլովակներ: Նման նախաձեռնությունները միջսեկտորալ համագործակցության դրական օրինակ են, ինչը նպաստում է ծրագրերի արդյունավետ իրականացմանը:
Նմանատիպ նյութեր
1422 դիտում
18:48 30-09-2015
Վերապատրաստվել է «Ազգային երգ ու պար» առարկան դասավանդող ավելի քան 100 ուսուցիչ
22218 դիտում
23:37 03-04-2017
Ինչպես ապրել առողջ և վարել առողջ ապրելակերպ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. EXCLUSIVE.am
Այս բաժնից
799 դիտում
18:55 26-12-2024
Հայաստանը Մինսկում 2025-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին կմասնակցի տեսակապի միջոցով
1147 դիտում
18:43 26-12-2024
Գնդապետ Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ
823 դիտում
18:29 26-12-2024
ՆԳ նախարարը մասնակցել է Մարի Իզմիրլյանի անվան մանկատան սաների Ամանորի միջոցառմանը