2036 դիտում
19:22 25-12-2018
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարի պարզաբանումը հայաստանյան որոշ լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակման վերաբերյալ
Շարքային Յուրիկ Վանիկի Բրոյանը (ծնված 1999թ., 2018-2 զորակոչ, Արարատի ՄԶԿ) նախազորակոչային շրջանում կատարված հետազոտությունների արդյունքում ճանաչվել է պիտանի զինվորական ծառայության համար սահմանափակումով և ենթակա է եղել զորակոչման դեռևս 2017թ.-ի ձմեռային զորակոչի ընթացքում:
Զորակոչի օրը չի ներկայացել զինկոմիսարիատ՝ խուսափելով պարտադիր զինվորական ծառայությունից, ինչի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով: Միևնույն ժամանակ Յու. Բրոյանը, համաձայն չլինելով իր վերաբերյալ կայացված որոշման հետ, բողոքարկել է այն դատական կարգով, ինչը մերժվել է վարչական դատարանի կողմից, քանի որ ԿԲՀ որոշումը եղել է հիմնավոր: 2018թ.-ի ամառային զորակոչի ընթացքում Յու. Բրոյանը, ստուգիչ հետազոտությունից հետո, կրկին ճանաչվել է պիտանի զինվորական ծառայության համար սահմանափակումով և զորակոչվել ՀՀ ԶՈւ շարքեր: Զինվորական ծառայությանը հենց առաջին օրվանից տրամադրված չի եղել, մի քանի օր անց արդեն կատարել է ինքնավնասում՝ դրանով իսկ արտահայտելով իր դժգոհությունը զորակոչվելու փաստի առթիվ:
Այս փաստով, այսինքն` իր առողջությանը վնաս պատճառելու, անդամախեղման կապակցությամբ հարուցվել է քրեական գործ, 363-րդ հոդվածի առաջին մասով:
Առաջին անգամ շարքային Յու. Բրոյանը գտնվել է ստացիոնար հետազոտման մեջ 04.09.-06.11.2018թթ.՝ կատարած ինքնավնասումների կապակցությամբ: Կատարվել են բոլոր անհրաժեշտ կլինիկային-լաբորատոր և գործիքային հետազոտությունները, մասնագիտական կոնսուլտացիաներ, վարքի կլինիկական դիտարկում տեսադաշտում և տեսադաշտից դուրս, պահանջվել և ուսումնասիրվել է զինծառայողի անձնական գործը:
29.10.2018թ.-ին Յու. Բրոյանը հոսպիտալային ՌԲՀ-ի կողմից «Թեթև մտավոր հետամնացություն, տարել է հարմարվողականության հակազդում, դիրքորոշված վարքագիծ» ախտորոշմամբ ներկայացվել է ՀՀ ՊՆ ԿՌԲՀ-ի նիստին, որի ընթացքում վերջինիս վերաբերյալ առկա բժշկական փաստաթղթերին և օբյեկտիվ զննման տվյալներին համապատասխան տրվել է եզրակացություն՝ սահմանափակումով պիտանի է զինվորական ծառայության համար՝ համաձայն ՀՀ կառավարության 12.04.2018թ. 404-Ն որոշման 1Գ, 7Գ հոդվածների 1-ին սյունակի պահանջների: Զինհոսպիտալից դուրս գրվելուց հետո, սակայն, Յու. Բրոյանը զորամաս չի տարվել, քանի որ շարունակել է դրսևորել նույն դիրքորոշված վարքագիծը և սկսել է չխոսել: Անմիջապես հաջորդ օրը՝ 07.11.2018թ.-ին, տեղափոխվել է «Հոգեթմրաբանական դիսպանսեր» ՓԲԸ, որտեղից էլ 16.11.2018թ.-ին կրկին ուղեգրվել է ՀՀ ՊՆ ԵԿՀ հոգեբուժական բաժանմունք:
ԵԿՀ հոգեբուժական բաժանմունքում բաժնի պետի և բժիշկների համատեղ զննմամբ արձանագրվել է, որ վերջինս ներկա պահին հոգեբուժական բաժանմունքում բուժման և վերափորձաքննության կարիք չունի: Զինծառայողը հետ է ուղարվել զորամաս: Չկարողանալով հասնել ցանկալի արդյունքի, այն է՝ կրկին հոսպիտալացվել, Յու. Բրոյանը զինհոսպիտալում այս անգամ արդեն, որպես բողոքի դրսևորում, հրաժարվում է նաև սնունդ ընդունելուց, ինչը պատճառ է հանդիսանում նրան կրկին ՀՀ ՊՆ ԵԿՀ հոգեբուժական բաժանմունք ուղեգրելու համար:
22.11.2018թ.-ին զինծառայողը «Հիսթերիկ մուտիզմ» նախնական ախտորոշմամբ նորից բերվել է ԵԿՀ հոգեբուժական բաժանմունք, որտեղ, հաշվի առնելով բժշկական գրքույկում առկա գրառումը և ներկայացված գանգատները, ինչպես նաև այն հանգամանքը, որ հնարավոր է զինծառայողի մոտ ընթացիկ սթրեսոգեն գործոնների ազդեցությամբ տեղի ունեցած լինի հոգեվիճակի փոփոխություն, Յու. Բրոյանը ընդունվել է՝ ստացիոնար դիտարկման նպատակով: Դիտարկման արդյունքներով արձանագրվել է, որ վերջինիս վարքը տեսադաշտում և տեսադաշտից դուրս կրում է խիստ հակասական բնույթ: Այսպես՝ բուժանձնակազմի ներկայությամբ կուչ է գալիս, քայլում է դանդաղ, հարցերին պատասխանում է գլխի և ուսերի շարժումներով, հրաժարվում է սննդից, իսկ տեսդաշտից դուրս հանգիստ է, նորմալ սնվում է, հեռուստացույց դիտում, իսկ տեսակցության ժամանակ ազատ շփվում է հարազատների հետ:
Հարկ է նշել, որ զինծառայողի պահվածքի նման դրսևորման վրա խիստ անմիջական դերակատարություն ունի վերջինիս մայրը, ով գրեթե բոլոր տեսակցությունների ժամանակ բաժանմունքում սպառնալիքներ, զրպարտանքներ, անհիմն, իրականությանը չհամապատասխանող մեղադրանքներ է ներկայացնում բուժող բժշկին և բուժանձնակազմին՝ հայտարարելով, որ ամեն գնով իր որդուն տուն է տանելու:
Բացի այդ, բազմաթիվ անգամ դիմում-բողոքներով դիմել է տարբեր գերատեսչությունների, փաստաբանների՝ պահանջելով «անհապաղ վաղաժամկետ զորացրել իր որդուն», ներկայումս էլ հայտարարություն է ներկայացրել ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանություն առ այն, որ իր որդուն հոսպիտալում պատշաճ չեն հետազոտել և որ նա պիտանի չէ զինվորական ծառայության համար: Բոլոր բողոքների դեպքում վերադաս ղեկավարության կողմից որևէ մեղադրանք չի հաստատվել: Ծառայությունից ամեն կերպ խուսափող զինծառայողի մոր հաղորդման համաձայն, թե իբր Յուրիկ Վանիկի Բրոյանին հրամանատարներից մեկը ծեծի է ենթարկել, քրեական գործ է հարուցվել:
Կատարված հետազոտությունների, կլինիկական և հոգեբանական դիտարկումների արդյունքների վերլուծությամբ եզրակացվում է, որ վերջինս ինչպես նախկինում, այնպես էլ ներկայում չի ցանկանում ծառայել ՀՀ զինված ուժերում: Հատուկ պետք է շեշտել, որ նման անձիք տեղ չունեն ՀՀ զինված ուժերում, քանի որ նրանք արատավորում են զինվորականի արժանապատվությունը:
Նմանատիպ նյութեր
3667 դիտում
13:18 14-01-2022
Ի պատասխան մի շարք լրատվամիջոցներում տեղ գտած ապատեղեկատվության
1117 դիտում
19:18 20-06-2019
ԵՊՀ-ն պարզաբանում է «Հրապարակ» օրաթերթում տեղ գտած հրապարակման վերաբերյալ
Այս բաժնից
553 դիտում
13:00 23-12-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Ավան» մասնաճյուղը
967 դիտում
10:14 23-12-2024
Գործարկվել է Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի կայքը․ Ավինյան