211652_close_icon
views-count2827 դիտում article-date 16:26 25-12-2018

Նորակոչիկները կներգրավվեն պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման և կիրառման գործընթացին

Դեկտեմբերի 24-ից 25-ը անցկացվել է պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների կարողությունները պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում առավել արդյունավետ օգտագործելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարության և «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի համատեղ հայտարարած մրցույթը: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մրցույթի երկրորդ փուլին դեկտեմբերի 25-ին ներկա է եղել ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զրուցել է մրցութային հանձնաժողովի անդամների և ոլորտի մասնագետների հետ, ծանոթացել մրցույթին մասնակցող զորակոչիկների կարողություններին և դրանք զինված ուժերում կիրառելու հնարավորությունների վերաբերյալ դիտարկումներին: Մրցույթին մասնակցում են ձմեռային զորակոչի ենթակա տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտներում խորը մասնագիտական գիտելիքներ ու համապատասխան խնդիրներ լուծելու գործնական հմտություններ ունեցող զորակոչիկները: Անհատական զրույցների ու առաջադրանքների միջոցով մասնագիտական փորձառու հանձնաժողովն ընտրում է լավագույններին, ովքեր ժամկետային զինվորական ծառայությունը կանցկացնեն համապատասխան ստորաբաժանումներում` ըստ իրենց մասնագիտական կարողությունների և հմտությունների ներգրավվելով պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման և դրանց արդյունավետ կիրառման գործընթացին։

Նմանատիպ նյութեր