211652_close_icon
views-count4478 դիտում article-date 18:57 21-12-2018

Այն բոլոր համայնքներում, որտեղ հայտնաբերվել են խախտումներ, համայնքի ղեկավարները կենթարկվեն վարչական տույժերի. Կոտայքի մարզպետ

2018 թվականի նոյեմբերի 1-30-ը Կոտայքի մարզի 7 համայնքների 13 բնակավայրերում կատարվել են ուսումնասիրություններ՝ քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի վրա իրականացվող շինարարական աշխատանքների՝ ՀՀ օրենսդրությանը համապատասխանությունն ուսումնասիրելու նպատակով: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: «Իմ որոշմամբ՝ ստեղծվել է աշխատանքային խումբ, որտեղ ներգրավված են եղել մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների մի շարք պաշտոնյաներ: Կատարված ուսումնասիրությունների արդյունքում ի հայտ են եկել շինարարական նորմերի և հողային օրենսդրության շուրջ 90 խախտումներ»,-գրել է մարզպետն ու ներկայացրել ուսումնասիրությունների արդյունքները. . Նշված համայնքներում կան ապօրինի կառուցապատումներ համայնքային հողերի վրա, . Գործող և դեռևս չշահագործվող հասարակական շինություններ (ռեստորաններ, հյուրանոցներ և այլն) և բնակելի տներ՝ կառուցված գյուղատնտեսական նշանակության հողերի վրա, . Շահագործվող կամ կառուցապատման փուլում գտնվող շքեղ առանձնատներ, որոնք նախագծվել և շինարարական թույլտվություններ են ստացել որպես սառնարաններ և/կամ չորանոցներ, .Եվ ևս 36 ինքնակամ կառուցապատված տարածքներ, որոնց հետևանքով համայնքի գլխավոր հատակագիծը ենթակա է փոփոխման: «Ուզում եմ հիշեցնել, որ ապօրինի ցանկացած կառուցապատում կամ հողային օրենսգրքի խախտում, որի արդյունքում վնաս է հասցվել մարզի համայնքներից որևէ մեկին (տեղական հարկերն ու տուրքերը վճարելու պարտավորություններից խուսափելու կամ դրանց չափն էականորեն նվազեցնելու համար), արժանանալու է սաստող մեխանիզմների հակադարձմանն, ու իրականացվելու են օրինականության հաստատմանն ուղղված հստակ քայլեր: Ելնելով վերոգրյալից՝ նշված 7 համայնքներում իրականացվելու են հետևյալ քայլերը. . Այն բոլոր համայնքներում, որտեղ հայտնաբերվել են խախտումներ, համայնքի ղեկավարները կենթարկվեն վարչական տույժերի՝ որպես վերոնշյալ գործընթացների՝ օրենսդրությանն ու շինարարական նորմերին համապատասխանությունը վերահսկող պատասխանատու պաշտոնյաներ (սահմանված «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» ՀՀ օրենքով): .Մարզում սկսվելու է ապօրինի շենք-շինությունների օրինականացման գործընթաց, որի արդյունքում տվյալ համայնքների բյուջեներ մուտք կարվեն զգալի ֆինանսական միջոցներ, որոնք մյուս տարի կուղղվեն զարգացման ծրագրերին, կրթական-մշակութային հաստատությունների վերանորոգումներին և համայնքային նշանակության բազմապիսի խնդիրների լուծմանը: . Չեմ բացառում նաև, որ կլինեն դեպքեր, երբ օրինականության հաստատման ճանապարհին ստիպված կլինենք ապամոնտաժել որոշ կառույցներ կամ օրենքով սահմանված կարգով հանձնել դրանք համայնքների տնօրինմանը: Իմ հորդորը համայնքների ղեկավարներին այս առումով ևս մնում է նույնը. գործել բացառապես օրենսդրության և իրավական նորմերի սահմաններում, կասեցնել համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը և ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումները՝ հաշվի առնելով մարզպետարանի՝ որպես վերահսկող մարմնի հետևողականությունն այս հարցում: Իսկ կառուցապատողների համար հետայսու ուզում եմ հստակ լինի, որ հետագայում օրինականացնելու նպատակով անօրինական կառուցապատման փորձերն այլևս դուրս չեն մնալու մեր տեսադաշտից»,-եզրափակել է Կոտայքի մարզպետը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր