Հայաստանում այս տարի գրանցվել է ալիմենտի բռնագանձման 893 վարույթ
Երեխաների պաշտպանության ոլորտում Հայաստանում դեռ որոշակի խնդիրներ կան: Մասնավորապես, այս տարի գրանցվել է ալիմենտի բռնագանձման 893 վարույթ։
Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 21-ին, երեխաների պաշտպանության ոլորտում «Ընտանեկան օրենսգրքի» շրջանակներում և գործնականում կատարված աշխատանքների ներկայացման ժամանակ ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը:
«ԴԱՀԿ ծառայության վիճակագրությունը վկայում է, որ մենք «Ընտանեկան օրենսգրքի» և երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում ունենք լուրջ անելիքներ և իրազեկման, և ծնողների կրթման ոլորտում: Մասնավորապես, այս տարի ունեցել ենք ալիմենտի բռնագանձման 893 վարույթ: Դա նշանակում է, որ ծնողները կամավոր չեն ուզում հոգալ երեխայի կեցության ծախսերը»,-ներկայացրեց Քրմոյանը:
Այս տարի գրանցվել է ծնողի տեսակցության կազմակերպման 383 վարույթ. այսինքն` 383 դեպքում ծնողը խոչըդնոտել է մյուս ծնողի տեսակցությանը: Նա դա անթույլատրելի համարեց` երեխայի շահերից ելնելով: Փոխնախարարը նշեց, որ այս տարի գրանցել է նաև մի ծնողից մյուս ծնողին երեխայի փոխանցման 5 վարույթ։