211652_close_icon
views-count4261 դիտում article-date 09:51 15-12-2018

Լուկաշենկոն ներողություն է խնդրում Փաշինյանից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երեկվա ասուլիսի ժամանակ բավական անկեղծացել է` բացահայտելով մի քանի ուշագրավ փաստ: Նա խոստովանել է, որ Սանկտ Պետերբուրգում օրերս կայացած ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ ներողություն է խնդրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցում արած կտրուկ հայտարարությունների համար: Միաժամանակ Լուկաշենկոն արդարացել է, թե ինչու է Ադրբեջանին զենք վաճառում: Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը նաև այս հարցում էր մեղադրել Բելառուսին՝ պահանջելով պարզաբանումներ, թե ինչու ՀԱՊԿ անդամ պետություններից մեկն իր դաշնակցի հակառակորդին զենք է վաճառում: Լուկաշենկոն արդարացել է, թե այդ քայլին գնացել են իրենց վարկը փակելու համար, ավելին՝ նման զենք առաջարկել են ՀՀ-ին, բայց պաշտոնական Երևանը մերժել է, և վերջապես, նա հիշեցրել է, որ Ադրբեջանին զենք վաճառելու հարցում առաջինը ՌԴ-ն է, այլ ոչ թե իրենք: Իրադարձությունների նման շրջադարձը թերևս ուշագրավ է, և կարելի է աննախադեպ երևույթ համարել: Վերջին քսան տարում դժվար է հիշել մի դեպք, երբ որևէ պետության ղեկավար Հայաստանի նկատմամբ սխալ պահվածք ցուցաբերելուց հետո ներողություն խնդրեր, հետո այդ մասին բարձրաձայներ լրատվամիջոցներով: Ընդհակառակը, նախկինում տարբեր առիթներով ականատես ենք եղել, թե ինչպես ԵԱՏՄ կամ ԱՊՀ երկրների ղեկավարները հրապարակայնորեն անհարմար դրության մեջ էին դնում Սերժ Սարգսյանին, իսկ նա էլ ամեն ինչ «կուլ էր տալիս»: Պատահական չէ, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ ՀՀԿ-ականները պնդում էին, թե Նիկոլ Փաշինյանն էլ պետք է զգուշավորություն ցուցաբերի և միջազգային գործընկերների հետ կտրուկ չխոսի: Պարզվեց՝ Փաշինյանի գործելաոճը լավ էլ արդարացնում է իրեն. ի վերջո, միջազգային հանրությունը հաշվի է նստում այն անձանց հետ, որոնք արժանապատվություն ունեն, կարող են հետամուտ առաջ տանել իրենց երկրի շահը, այլ ոչ թե կուլ տալ վիրավորանքները»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր