211652_close_icon
views-count2012 դիտում article-date 23:10 12-12-2018

ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիայի 70-ամյակին նվիրված միջոցառում է անցկացվել չեխական Թերեզինում

Դեկտեմբերի 10-ին Չեխիայի Թերեզինշտադտի ցեղասպանությունների ուսումնասիրությունների կենտրոնում՝ Պրահայում ՀՀ դեսպանության աջակցությամբ տեղի ունեցավ ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի 70-ամյակին նվիրված ձեռնարկ, որն անցկացվեց «Մարդու իրավունքների օրը և ցեղասպանություն հանցագործության կանխարգելում» խորագրի ներքո: Կենտրոնի ուսումնական ծրագրերի պատասխանատու Պավել Խալուպայի, Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանի և կենտրոնի գլխավոր տնօրեն Շիմոն Կրբեցի (Šimon Krbec) մասնակցությամբ տեղի ունեցավ «Ցեղասպանություն անվանելու ճանապարհին. պատիժ անանուն հանցագործության համար» վերտառությամբ ցուցահանդեսի բացումը, որի ցուցանմուշների մեծ մասը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուից է։ Իր ելույթում դեսպան Սեյրանյանն անդրադարձավ Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման ուղուն։ Հայ դիվանագետը մեծապես կարևորեց երկրի քաղաքացիական հասարակայնության, մասնավորապես Թերեզինշտադտի ցեղասպանությունների ուսումնասիրությունների կենտրոնի, երկրի նախագահ Միլոշ Զեմանի, մի շարք պատգամավորների և հայ համայնքի դերակատարությունը։ Անդրադառնալով «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիային ու Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 70-ամյակին՝ դեսպանը նշեց, որ Երևանում զուգահեռ ընթանում է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» այդ կարևոր հոբելյաններին և կրթության միջոցով ցեղասպանությունների կանխարգելմանը նվիրված երրորդ գլոբալ ֆորումը։ Իր հերթին պարոն Շիմոն Կրբեցը շնորհակալություն հայտնեց Հայաստանի դեսպանությանը Կենտրոնի ստեղծման գործում ունեցած մեծ ավանդի համար։ Զեկույցով հանդես եկավ հայ դիվանագետ և պատմաբան, դեսպան Արման Կիրակոսյանը։ Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կիրակոսյանն իր ելույթում ներկայացրեց «ցեղասպանություն/genocide» եզրույթի՝ Ռաֆայել Լեմկինի կողմից ստեղծման պատմությունը, նշելով, որ ծագումով հրեա լեհ իրավաբանը 1943 թվականին այն սահմանելիս առաջին հերթին նկատի է ունեցել Հայոց ցեղասպանությունը։ «Հայոց ցեղասպանությունը պատմության դասերը չսովորելու ռիսկերի, ցեղասպանությունների ժխտողականության վտանգի, և դրանց իրականացնողների անպատիժ մնալու երկարատև բացասական հետևանքների հիշեցում է: Այդ բոլորը նպաստող գործոններ էին հետագա ցեղասպանությունների համար: Նախորդ ցեղասպանությունների մասին իրազեկվածությունն, ինչպես օրինակ` հայկական հարցը, ապագա ցեղասպանությունների ճանաչման և կանխման բանալին է», նշեց դեսպան Կիրակոսյանը։ Այս համատեքստում նա կարևորեց ցեղասպանության առարկայի դասավանդումը՝ ընդգծելով, որ Հայոց և այլ ցեղասպանությունների համընդհանուր և պատշաճ ընդունման և դատապարտման բացակայության պատճառով է, որ ներկայում Միջին Արևելքի և այլ տարածաշրջանների փոքրամասնությունները ենթարկվում են ցեղասպան գործողությունների։ Ելույթի ավարտին դեսպան Կիրակոսյանն անդրադարձավ հայ-թուրքական հարաբերություններին, նշելով, որ թուրքերի՝ սեփական պատմությանն առերեսվելը միայն դրականորեն կարող է անդրադառնալ Թուրքիայի և ամբողջ տարածաշրջանի համար։ Քննարկմանը մասնակցեցին նաև հանրահայտ չեխ լրագրող և Քաղաքականության և հասարակության ինստիտուտի տնօրեն Յան Մախաչեկն ու Պրահայի՝ Սմիխովի միջնակարգ դպրոցի տնօրեն, վաստակավոր մանկավարժ Ռադկո Սաբլիկը (Radko Sáblík)։ Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Ռադեկ Վոնդրաչեկի (Jan Macháček) հովանու ներքո կայացած ձեռնարկին ներկա էին նաև ուսանողներ, տեղի լայն հասարակայնության և հայ համայնքի ներկայացուցիչներ։ Քննարկման ավարտին բանախոսները պատասխանեցին ներկաների բազմաթիվ հարցերին։

Նմանատիպ նյութեր