211652_close_icon
views-count2856 դիտում article-date 00:10 10-12-2018

ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության օրն արձանագրվել է ենթադրյալ ընտրական հանցագործության 252 դեպք. 108-ով նախապատրաստվում են նյութեր

ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբը ուսումնասիրել և ամփոփել է դեկտեմբերի 9-ին ժամը 08.00-ից մինչև 20.00-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին առնչվող առերևույթ ընտրական հանցագործությունների մասին iրավապահ մարմինների ստացած 252 դեպքի մասին ահազանգ: Դեպքերից 97-ի մասին տվյալներն ստացվել են զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների, սոցիալական ցանցերում քաղաքացիների կողմից կատարված գրառումների հիման վրա, որոնք հասանելի են դարձել ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խմբի շրջանակներում իրականացվող մշտադիտարկման, 69-ը՝ քաղաքացու կողմից ՀՀ ոստիկանություն կամ դատախազություն ներկայացված դիմումների և հաղորդումների, իսկ 86-ը՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից ներկայացված զեկուցագրերի արդյունքում: Նշված բոլոր դեպքերը դատախազության մարզային ստորաբաժանումների, ինչպես նաև ՀՀ զինվորական դատախազության դատախազների հսկողության ներքո ստուգվել կամ շարունակում են ստուգվել հետաքննության և նախաքննության մարմինների կողմից: Մասնավորապես՝ աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրությամբ պարզված՝ վերացական և ընդհանուր բնույթի տեղեկություններ պարունակող 144 դեպքով իրականացվել կամ իրականացվում են ստուգողական գործողություններ, որոնց արդյունքում մի մասով արդեն իսկ հերքվել են ներկայացված ենթադրյալ հանցագործության փաստերը և թողնվել անհետևանք: 108 դեպքով քրեական գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելն ստուգելու նպատակով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նախապատրաստվում են նյութեր: Դրանցից՝ 82-ը վերաբերում է մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձերին, 3-ը վստահված անձի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելուն, 5-ը՝ ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն, 2-ը՝ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելուն, 10-ը՝ քվերակության գաղտնիությունը խախտելուն, 3-ը՝ ընտրակաշառք տալուն, 3-ը՝ այլ: Ըստ դատախազության ստորաբաժանումների դատավարական ղեկավարման՝ հետաքննության և նախաքննության մարմինների կողմից նախապատրաստվող նյութերով նշված 108 դեպքերի բաշխվածությունն ունի հետևյալ պատկերը. ՀՀ զինվորական դատախազություն՝ 3 դեպք, Երևան քաղաքի և վարչական շրջանների դատախազություն՝ 19 դեպք, Սյունիքի մարզ՝ 8 դեպք, Արմավիրի մարզի դատախազություն՝ 9 դեպք, Լոռու մարզի դատախազություն՝ 2 դեպք, Շիրակի մարզի դատախազություն՝ 11 դեպք, Գեղարքունիքի մարզի դատախազություն՝ 11 դեպք, Տավուշի մարզի դատախազություն՝ 6 դեպք, Վայոց Ձորի դատախազություն՝ 1 դեպք, Արարատի մարզի դատախազություն՝ 9 դեպք, Արագածոտնի մարզի դատախազություն՝ 8 դեպք, Կոտայքի մարզի դատախազություն՝ 15 դեպք: ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խումբը շարունակում է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում արձանագրված առերևույթ ընտրական իրավախախտումների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները և ահազանգերն ուսումնասիրելուն և դրանց հիման վրա իրականացվող ստուգողական գործողությունների, նյութերի նախապատրաստման, ինչպես նաև հարուցված քրեական գործի(երի) նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված աշխատանքները: Դրանց հետագա արդյունքները կներկայացվեն առաջիկայում:

Նմանատիպ նյութեր