Մեծ Բրիտանիան Աբրամովիչին «սև» ցուցակ գցեց՝ Պուտինի հետ կապերի համար
Ռուսաստանցի միլիարդատեր, Լոնդոնի «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը այն օլիգարխների թվում է, որոնց գործունեությունը ուսումնասիրում են Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունները:
Վեց բարձրաստիճան ռուսաստանցիներից բաղկացած ցուցակը հատուկ ծառայությունները կազմել և փոխանցել են վարչապետ Թերազա Մեյին, որը հաստատել է այդ ցուցակը:
Օլիգարխների անունները փոխանցվելու են Ուայթհոլի բոլոր վարչություններին, Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում Մեծ Բրիտանիայի բոլոր դաշնակիցներին, որպեսզի արգելափակեն նրանց՝ ճանապարհորդելու և սեփական բիզնեսը ղեկավարելու հնարավորությունը:
Մեծ Բրիտանիայի իշխանությունների գործողությունները կապված են ռուսական հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալին և նրա աղջկան թունավորելու հետ՝ այս տարվա մարտին:
«Այդ մարդիկ նախագահ Պուտինի հետ ունեն պրոֆեսիոնալ և ֆինանսական սերտ հարաբերություններ: Մենք կարծում ենք, որ նրանք ներքաշված են Կրեմլի ֆինանսական հարցերում մի քանի ուղղություններով՝ ներառյալ իրենց ֆինանսական հնարավորությունների օգտագործումը՝ ելնելով Ռուսաստանի շահերից:
Ռոման Աբրամովիչը ընդգրկված է ցանկում, քանի որ համարվում է, որ նա առավել մեծ ֆինանսական աջակցությունն է ցուցաբերում Պուտինին», հայտնել է բրիտանական կառավարության անանուն ներկայացուցիչը: