211652_close_icon
views-count1202 դիտում article-date 14:50 06-12-2018

Հանրային խորհուրդն ամփոփել է ՀԽ հանձնաժողովների ձևավորման գործընթացը և քննարկել հետագա քայլերը

Նոր ձևավորվող Հանրային խորհրդի` ՀՀ Կառավարության կողմից նշանակված անդամները ս.թ. դեկտեմբերի 5-ին քննարկել և ամփոփել են Հանրային խորհրդի հանձնաժողովների ձևավորման գործընթացը: Ընդունելով հանձնաժողովների նախագահների ընտրությունների արդյունքները` ՀԽ անդամները, «Հանրային խորհրդի մասին» օրենքի համաձայն, որոշել են ՀՀ վարչապետին ներկայացնել հանձնաժողովների նախագահների կազմը: Նշենք, որ ՀԽ 15 հանձնաժողովներից ձևավորվել է 14-ը: Հանրային խորհրդի Ազգային փոքրամասնությունների հարցերի հանձնաժողովի ձևավորումը կասեցվել է` հաշվի առնելով ազգային փոքրամասնությունների դիրքորոշումն իրենց խնդիրներն այլ կարգավիճակ ունեցող մարմնի ձևավորման միջոցով լուծելու առումով: Նշենք, որ «Հանրային խորհրդի մասին» օրենքն ընդունելիս 4-րդ հոդվածի 6-րդ կետում ամրագրվել է այն դրույթը, ըստ որի Հանրային խորհրդին առընթեր գործում է Ազգային փոքրամասնությունների պալատ, որի կարգավորման կարգն ու գործառույթները պետք է սահմանի Ազգային ժողովը առանձին օրենքով: Այդ պատճառով ՀԽ անդամները որոշել են առաջարկել ՀՀ վարչապետին Հանրային խորհրդի հանձնաժողովների ցանկից հանել Ազգային փոքրամասնությունների հարցերի հանձնաժողովը և քննարկել այդ կարևոր կառույցի կարգավիճակը: ՀԽ անդամները գտել են, որ առավել նպատակահարմար է ՀԽ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովից առանձնացնել մշակույթը, երիտասարդությունն ու սպորտը` հաշվի առնելով այդ ոլորտներից յուրաքանչյուրի կարևորությունը: ՀԽ անդամները քննարկել են Հանրային խորհրդի ձևավորման հետագա ընթացքը, ըստ որի ՀՀ Կառավարության կողմից նշանակված և հանձնաժողովներում ընտրված ՀԽ 30 անդամները պետք է գաղտնի քվեարկությամբ ընտրեն Հանրային խորհրդի վերջին 15 անդամներին:

Նմանատիպ նյութեր