211652_close_icon
views-count1533 դիտում article-date 19:53 04-12-2018

«Հուզիչ է ու հոյակապ». նախագահ Սարգսյանի գրառումը «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի Դեբեդի ՍՄԱՐԹ-կենտրոնում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Լոռու մարզի Դեբեդ համայնքում 2018 թվականի մայիսի 27-ից գործում է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) ՍՄԱՐԹ-կենտրոնը, որտեղ այսօր այցելել են նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը։ ՍՄԱՐԹ կենտրոնի սաները տարբեր գյուղերից ժամանած երեխաներ են, ընդ որում, ոչ միայն Լոռու մարզից: Նախագահ Սարգսյանը շրջել է կենտրոնում, որտեղ երեխաները սովորում են ծրագրավորում, պար, անգլերեն, նկարչություն, երգեցողություն և այլ առարկաներ: Նախագահը զրուցել է երեխաների հետ, դիտել նրանց աշխատանքները։ Հիացմունք հայտնելով կենտրոնի պայմանների և ընձեռած հնարավորությունների վերաբերյալ՝ նախագահը նշել է, որ շատ կարևոր է, որ այս կենտրոնը չդառնա երեխաներին հողից, գյուղից կտրելու ճանապարհ: «Այստեղ հաճախող երեխաները պետք է զգան, որ իրենք ևս 21-րդ դարի քաղաքացի են, և այստեղ՝ քաղաքից հեռու, գյուղում էլ կարող են կայանալ ու արդյունք ստեղծել»,- ասել է նախագահ Արմեն Սարգսյանը: Հանրապետության նախագահն անհրաժեշտ է համարել նաև մայրաքաղաքից և այլ քաղաքներից երեխաների փոխայցելությունն այս կենտրոն, որտեղ նրանք նույնպես կծանոթանան ոչ միայն կենտրոնին ու նրա հնարավորություններին, այլև գյուղական կյանքին: «Սա ավելի մարդկային վայր է, և այստեղ երեխաները կարող են կայանալ որպես մարդ, որպես քաղաքացի»,-նշել է նախագահ Սարգսյանը: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շրջել է նաև սմարթ սենյակում, որտեղ երեխաները ցուցադրել են իրենց պատրաստած ռոբոտի հնարավորությունները: Նախագահը նշել է, որ այն, ինչով նրանք զբաղվում են, նրանց ապագայի գործիքն է: Նա հաջողություն է մաղթել երեխաներին՝ համոզմունք հայտնելով, որ նրանց ստեղծած ռոբոտները հետագայում ավելի կատարյալ կլինեն ու լայն կիրառություն կունենան: Մանուկների զարգացման կենտրոնում, որտեղ այդ օրը ներկա էին նաև Գյուլագարակի մակնապարտեզից ժամանած երեխաներ, նախագահի կողմից 1 մլն դրամ նվիրաբերվեց Գյուլագարակի մանկապարտեզին: ՍՄԱՐԹ -ի երեխաների հետ հանդիպմանը նախագահ Սարգսյանը գովեստի խոսքերով է անդրադարձել բնության գրկում գտնվող հրաշալի կենտրոնին՝ նշելով, որ աշխարհի քիչ տեղերում կարելի է նման բան հանդիպել: Նախագահը կարևորել է գիտելիքի ձեռքբերումը: «Ձեր գիտելիքը միշտ ձեզ հետ է, և այն երբեք չի արժեզրկվում»,- նշել է նախագահը: Արմեն Սարգսյանը, պատասխանելով կենտրոնի երեխաների հարցերին, նշել է. «Ձեր ապագան ձեր ձեռքերում է: Ձեր ձեռքերում է նաև երկրի ապագան»: Հանդիպման ավարտին Հանրապետության նախագահին և տիկին Նունե Սարգսյանին կենտրոնի նկարչական խմբակի երեխաներն իրենց նկարած աշխատանքներն են նվիրել։ Արմեն Սարգսյանը գրառում է կատարել կենտրոնի այցելությունների նորաբաց գրքում. նրա գրառումն առաջինն էր: «Հուզիչ ու հոյակապ է»,- գրել է նախագահը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր