Միշել Օբամայի ինքնակենսագրական գիրքը գլխավորեց բեսթսելերների վարկանիշը
ԱՄՆ-ի նախկին առաջին լեդի Միշել Օբամայի ինքնակենսագրական՝ «Կայացում» գիրքը գլխավորել է բեսթսելերների վարկանիշը՝ ԱՄՆ-ում տարածվելով 1,4 մլն օրինակով:
Ինչպես հայտնել է Penguin Random Hous հրատարակչությունը, ներկա ահին ԱՄՆ-ում և Կանադայում արդեն վաճառվել է Միշել Օբամայի հուշերի ավելի քան 2 մլն օրինակ: Գիրքը արդեն երկրորդ շաբաթը գլխավորում է New York Times-ի բեսթսելերների ցանկը: Բացի այդ, այն առաջին տեղն է զբաղեցնում նաև USA Today-ի և Publishers Weekly-ի գրական վարկանիշներում:
Նշվում է, որ «Կայացումը» որոշակի համբավ է ձեռք բերել նաև ԱՄՆ-ի սահմաններից դուրս, մասնավորապես, Մեծ Բրիտանիայում այն առաջին հորիզոնականն է զբաղեցնում:
Միշել Օբամայի գիրքը պատմում է նրա մանկության, պատանեկան տարիների, ինչպես նաև այն ժամանակահատվածի մասին, երբ նա ԱՄՆ-ի առաջին տիկինն էր (2009-2017): Մինչև գրքի լույս տեսնելը մի շարք հրատարակություններ նրանից հատվածներ էին հրապարակել, որոնք մեծ ինտրիգ էին պարունակում ժամանակակից ամերիկյան քաղաքական իրավիճակի տեսանկյունից:
Մասնավորապես, գրքի գլուխներից մեկում նախկին նախագահի կինը պատմել էր, որ երբեք չի ների ԱՄՆ-ի ներկայիս ղեկավար Դոնալդ Թրամպին:
Հայտնի է, որ Միշել Օբաման և նրա ամուսինը՝ ԱՄՆ-ի 44-րդ նախագահ Բարակ Օբաման պայմանագիր ունեն, համաձայն որի 60 մլն դոլար կստանան հուշեր գրելու դիմաց: