Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը բարձր է գնահատել Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի գործունեությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը նոյեմբերի 29-ին այցելել է Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն: Պաշտպանը ծանոթացել է 20-ամյա կենտրոնի պայմաններին, որոնք միտված են տարբեր ֆիզիկական ու մտավոր խնդիրներ ունեցող անձանց վերականգնմանն ու զարգացմանը:
Ա. Բեգլարյանը բարձր է գնահատել կենտրոնի դերակատարությունը արցախցիների առողջության վերականգնման գործում՝ կարևորելով, որ այն անվճար հիմունքներով սպասարկում է բոլոր տարիքի անձանց, ինչպես նաև նշանակալի աշխատանք է կատարում հասարակության մեջ հաշմանդամների ինտեգրման ուղղությամբ:
Պաշտպանը ծանոթացել է նաև կենտրոնին կից գործող՝ Մանկական ցերեկային առողջության կենտրոնի և պետական ու բարեգործական համատեղ միջոցներով երկու տարի առաջ հիմնված աուտիզմի ցերեկային խնամքի ու բուժման կենտրոնի պայմաններին՝ ընդգծելով ընտրված ձևաչափի ու մեթոդաբանության դրական ազդեցությունը հաշմանդամ երեխաների իրավունքների պաշտպանության հարցում:
Ա. Բեգլարյանը և կենտրոնի հիմնադիր տնօրեն Վարդան Թադևոսյանը մտքեր են փոխանակել հետագա համագործակցության շուրջ՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով խորացնել երկու կառույցների միջև առկա փոխգործակցությունը հաշմանդամների իրավունքների պատշաճ պաշտպանության նպատակով:
[b]ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ[/b]