55550 դիտում
21:29 23-11-2018
Արարատի մարզի Դաշտավան գյուղի բնակիչներն ասում էին. «Մարզպետը ոչ մի քայլ չի անում «գլխակեր» ճանապարհը կարգի բերելու ուղղությամբ, մեր հույսը նախարարի պաշտոնակատարն ու ՀՀ ՃՈ պետն է». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ նոյեմբերի 22-ին ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանի հանձնարարականով ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Վահան Էվինյանը հերթական անգամ հանդիպեց Արարատի մարզի Դաշտավան գյուղի բնակիչներին:
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հանդիպմանը ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանի հանձնարարականով մասնակցում էին Հայավտոճան ընկերության տնօրեն Գոռ Ավետիսյանն ու նախարարության պատասխանատու պաշտոնյաներ:
Հանդիպման պատճառը կայանում էր նրանում, որ գյուղի գլխավոր փողոցում վերջին տարիներին հաճախակիացել են ճանապարհատրանսպորտային պատահարները, այդ թվում՝ ողբերգական ու բնակիչները խնդրանքով դիմել էին ՀՀ ՃՈ պետ Ե. Կարապետյանին, Տրանսպորտի, կապի նախարարի պաշտոնակատար Հ. Արշակյանին, որպեսզի նշված ճանապարհահատվածում տեղադրեն արագաչափ ու մի քանի տեղերում էլ ստեղծեն արհեստական խոչընդոտներ, ճանապարհին էլ տեղադրեն երթևեկությունը կարգավորող նշաններ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ գյուղացիները նաև մի քանի անգամ բողոքի ակցիաներ են իրականացրել, փակելով ճանապարհը, սակայն ամեն անգամ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը խոստացել էր, որ խնդիրը կլուծվի ի շահ գյուղացու, բայց ոչ մի միջոց չէր ձեռնարկել:
Երեկ գյուղացիները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Էսօր որոշել ենք ճանապարհը լրիվ փակենք, քանի որ խոստումների էլ չենք հավատում: Արարատի մարզպետն ասում էր հարցը 1 շաբաթում կլուծեմ, բայց 3 ամիսա սայլը տեղից չի շարժվում: Դեռ ամռանը, երբ Մասիս սարի գագաթին ձյուն չկար, խոստացել էր, որ հարցը կլուծի: Մասիսը ձնեց, երևի մարզպետն իր խոսքը գրեց սառույցին»:
Երեկ գյուղացիները կրկին անգամ ընդառաջելով Տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնակատար Հ. Արշակյանին, ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Վ. Էվինյանին և գյուղապետ Վարդգես Խանաղյանին, հրաժարվեցին ճանապարհը փակելու մտքից, ասելով՝ «էս մի զարկն էլ բաշխում ենք իրենց, հուսով, որ Արարատի մարզպետի նման սին խոստումներ չեն տա ու փափուկ բարձ չեն դնի գլխի տակ»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+