211652_close_icon
views-count2164 դիտում article-date 14:38 20-11-2018

Կատարել ենք ժողովրդի առաջ ստանձնած պարտավորությունները և ակնկալում ենք վստահության քվե. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արձանագրում է, որ մինչև դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների դրությամբ իր քաղաքական թիմը լիարժեք կատարել է ժողովրդի առաջ ստանձնած պարտավորությունները: Ինչպես հաղորդում է «[url=https://www.armenpress.am/arm/news/955128.html]Արմենպրես[/url]»-ը, ՀՀ վարչապետի պաշտոնակատարն այս մասին ասաց նոյեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում: «Առաջին՝ մենք խոստացել էինք, որ եթե Հայաստանի Հանրապետության ժողովուրդն արտահայտի իր կամքը, մենք կապահովենք Սերժ Սարգսյանի և նրա թիմի հեռացումը իշխանությունից, ընդ որում՝ բացարձակապես խաղաղ ճանապարհով: Այդ պարտավորությունը լիարժեք կատարված է: Երկրորդը՝ մենք խոստացել էինք, որ Հայաստանում ընտրակեղծարարության պրակտիկան արմատախիլ կարվի, իշխանության ձևավորումը տեղի կունենա բացառապես ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով: Երևանի ավագանու և ՏԻՄ ընտրությունների արդյունքներով այդ պարտավորությունը լիարժեք կատարված է: Մենք խոստացել էինք անզիջում պայքար մղել կոռուպցիայի դեմ, պարտավորությունը լիարժեք կատարված է: Իհարկե, կոռուպցիայի դեմ պայքարը շարունակվում է, և ժողովրդի մանդատը ստանալու դեպքում մենք այդ պայքարը կշարունակենք»,- մանրամասնեց Փաշինյանը: Նա հիշեցրեց, որ խոստացել էին վերացնել արհեստական տնտեսական մենաշնորհները՝ արձանագրելով, որ այսօր որևէ շուկայում մուտքի խոչընդոտներ և սահմանափակումներ չկան, ի հայտ են գալիս և կգան նոր խաղացողներ: «Մենք խոստացել էինք, որ Հայաստանում չեն լինելու արտոնյալներ և կապահովվի օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարությունը, պարտավորությունը լիարժեք կատարված է: Մենք խոստացել էինք անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, պարտավորությունը լիարժեք կատարված է»,- ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը: Նա շեշտեց, որ ՀՀ-ում իշխանությունն ամբողջությամբ վերադարձվել է ժողովրդին, և ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իր ունեցած մեկ քվեով առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում որոշելու է երկրի ճակատագիրը: «Մենք վստահության քվե ենք ակնկալում ժողովրդից՝ առաջիկա 5 տարիներին մեր գործունեությունը շարունակելու համար: Մանդատը ստանալու դեպքում առաջիկա 5 տարիների մեր գործունեությունը միտված է լինելու տնտեսական հեղափոխություն իրականացնելուն: Մենք մտադրված ենք միջոցներ ձեռնարկել Հայաստանն արդյունաբերական, տեխնոլոգիական և բնապահպանական բարձր չափանիշներ ունեցող երկիր դարձնելու ուղղությամբ: Որպես այս ամենի կուլմինացիա, այս ամենին հարակից խնդիր Հայաստանի Հանրապետության և Արցախի անվտանգության մակարդակի բարձրացումն է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր