211652_close_icon
views-count1627 դիտում article-date 16:16 19-11-2018

ԿԸՀ-ն անիմացիոն հոլովակի միջոցով ներկայացրել է Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության կարգը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն անիմացիոն հոլովակ է թողարկել, որում ներկայացվում է 2018 թվականի դեկտեմբերի 9-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության կարգը: Ընտրողը, այցելելով քվեարկության սենյակ, մոտենում է մասնագետին և ներկայացնում անձը հաստատող փաստաթուղթը: Անձը հաստատող փաստաթուղթ են համարվում նույնականացման քարտը, կենսաչափական անձնագիրը, ոչ կենսաչափական անձնագիրը, անձնագրին կամ նույնականացման քարտին փոխարինող ժամանակավոր փաստաթուղթը` տրված լիազոր մարմնի կողմից: Մասնագետը ներկայացված փաստաթղթում առկա լուսանկարի միջոցով ստուգում է ընտրողի ինքնությունը և անձը հաստատող փաստաթուղթը ներմուծում է տեխնիկական սարքավորման մեջ: Եթե ընտրողն իր անձը հաստատող որևէ փաստաթղթով արդեն իսկ մասնակցել է քվեարկությանը, ապա էկրանին անմիջապես հայտնվում է կարմիր նշան և անմիջապես հրավիրվում են ոստիկանության ծառայողները: Եթե ընտրողը գրանցված չէ տվյալ տեղամասի ընտրողների ցուցակում, ապա էկրաններին հայտնվում է դեղին նշան: Այդ դեպքում ընտրողին դուրս կհրավիրեն քվեարկության սենյակից: Եթե տեխնիկական սարքավորումն ինքնուրույն չի ընթերցում ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը, ապա ընտրողի անձը հաստատող փաստաթղթի տվյալները սարքավորման մեջ ներմուծվում են մասնագետի կողմից: Եթե ընտրողը գրանցված է տվյալ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում և չի մասնակցել քվեարկությանը, ապա տեխնիկական սարքավորման էկրանին հայտնվում է կանաչ նշան: Ընտրողը ներմուծում է աջ ձեռքի ցուցամատի մատնահետքը, որից հետո սարքավորումը տպում է նրա քվեարկության կտրոնը: Մասնագետն ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը և քվեարկության կտրոնը վերադարձնում է ընտրողին, որից հետո վերջինս գրանցումը իրականացնող հանձնաժողովի անդամին տալիս է իր քվեարկության կտրոնը: Հանձնաժողովի անդամն ընտրողների ցուցակում փնտրում է իրեն մոտեցած ընտրողի անուն ազգանունը, ընտրողը ստորագրում է իր տվյալների դիմաց: Հանձնաժողովի անդամը ընտրողի ստորագրության դիմաց և քվեարկության կտրոնի վրա դնում է իր անհատական կնիքը: Ընտրողի անձը հաստատող փաստաթղթի տվյալներն ընտրողների ցուցակում չեն լրացվում: Եթե ընտրողը չի կարողանում ինքնուրույն ստորագրել ընտրողների ցուցակում, ապա իրավունք ունի դիմել այլ քաղաքացու օգնության` բացառությամբ հանձնաժողովի անդամների: Գրանցվելուց հետո ընտրողը մոտենում է հանձնաժողովի մյուս անդամին, ներկայացնում է կտրոնը և ստանում քվեաթերթիկները և քվեարկության մեկ ծրար, անցնում է քվեարկելու: Ընտրողը պետք է ստանա ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունների քվեաթերթիկները: Նա չի կարող հրաժարվել բոլոր քվեաթերթիկները ստանալուց: Ընտրողը քվեախցիկում քվեարկում է գաղտնի: Նախ՝ քաղաքացին ընտրում է կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի քվեաթերթիկը, որին կողմ է: Քվեաթերթիկի առաջին էջում ընտրողը որևէ նշում չի կատարում: Քաղաքացու ընտրած կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի տարածքային ընտրական ցուցակի թեկնածուին ընտրելու համար նույն քվեաթերթիկի հակառակ կողմում գտնում է նրա տվյալները և կատարում միատեսակ նշում, ապա քվեաթերթիկը առանց ծալելու դնում ծրարի մեջ: Ընտրողը չօգտագործված քվեաթերթիկները գցում է առանձին արկղի մեջ: Հանձնաժողովը պետք է ապահովի քվեարկության գաղտնիությունը, իսկ թե ինչպես է քվեարկել քաղաքացին՝ գիտի միայն ինքը: Ընտրողը պետք է ուշադիր լինի, որպեսզի կտրոնը քվեախցիկում չթողնի: Եթե ընտրողը չի կարող ինքնուրույն լրացնել քվեաթերթիկը, ապա, հանձնաժողովի նախագահին տեղեկացնելուց հետո, իրավունք ունի քվեարկության խցիկ հրավիրել այլ անձի, որը չպետք է լինի ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ, դիտորդ, ԶԼՄ ներկայացուցիչ, այցելու: Եթե ընտրողը կարծում է, որ սխալ է լրացրել քվեաթերթիկը կամ վնասել է այն, ապա կարող է դիմել հանձնաժողովի նախագահին նոր քվեաթերթիկներ ստանալու համար: Քվեարկելուց հետո ընտրողը մոտենում է քվեատուփին, հանձնաժողովի անդամը վերցնում է նրա կտրոնը և, առանց քվեարկության ծրարը ընտրողից վերցնելու, քվեարկության ծրարի կտրվածքի միջոցով քվեաթերթիկին է փակցնում ինքնասոսնձվող դրոշմանիշը, որից հետո բացում է քվեատուփը ճեղքը, և ընտրողը քվեարկության ծրարը գցում է քվեատուփի մեջ և հեռանում ընտրական տեղամասից:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր