Համացանցում հայտնվել է «Ֆորմուլա-3-ի» առաջնությունում տեղի ունեցած խոշոր ավտովթարի տեսագրությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Համացանցում հայտնվել է «Ֆորմուլա-3-ի» առաջնությունում տեղի ունեցած խոշոր ավտովթարի տեսագրությունը՝ գերմանացի ավտոարշավորդուհի Սոֆիա Ֆլերշի մասնակցությամբ:
Մակաոյում ընթացող մրցավազքի չորրորդ շրջանում 17-ամյա մարզուհին բախվել է մրցակիցներից մեկին և դուրս թռել ճանապարհից: Նրա բոլիդը ճախրելով օդում, ճեղքել է ցանկապատի ցանցն ու բախվել հարթակներից մեկին:
Ֆլերշը լուրջ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Միջադեպի արդյունքում տուժել են նաև երեք հանդիսական, երկու լուսանկարիչ և անվտանգության աշխատակից, որոնք բոլորն էլ հիվանդանոց են տեղափոխվել:
Ավելի ուշ Ֆլերշը թվիթերում հայտնել է իր իրավիճակի մասին. «Պարզապես ասեմ, որպեսզի բոլորն էլ տեղյակ լինեն. իմ հետ ամեն ինչ կարգին է, սակայն վաղը պետք է վիրահատվեմ: Շնորհակալ եմ բոլորին աջակցության համար», գրել է նա: