3271 դիտում
13:53 14-11-2018
Հայաստանի և Իրանի գլխավոր դատախազները Թեհրանում ստորագրել են երկու երկրների դատախազությունների միջև համագործակցության ծրագիր
Ինչպես արդեն տեղեկացվել է, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազի հրավերով աշխատանքային այցով գտնվում է Թեհրանում:
Այսօր Արթուր Դավթյանին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Մոհամադ Ջաֆար Մոնթազերիին:
Ողջունելով ՀՀ գլխավոր դատախազին իր հրավերն ընդունելու և Իրանում գտնվելու կապակցությամբ՝ պարոն Մոնթազերին նշել է, որ Հայաստանի և Իրանի հազարամյակների պատմական ու մշակութային առնչությունները, ներկայիս երկու պետությունների միջև ձևավորված և փոխադարձ հարգանքի վրա խարսխված ջերմ, բարեկամական հարաբերությունները փոխադարձ վստահության այնպիսի միջավայր են ստեղծում, որը թույլ է տալիս առկա իրավապայմանագրային բազայի հենքի վրա անկեղծ երկխոսության մթնոլորտում քննարկելու դատախազությունների միջև գործակցությունը խորացնելու հեռանկարները, իրավական փոխօգնության ոլորտում, հանցավորության դեմ համատեղ պայքարում առաջացող աշխատանքային խնդիրների լուծման կառուցակարգերն ու միջոցները:
Արթուր Դավթյանն իր գործընկերոջը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և համոզվածություն հայտնել, որ հանդիպումը երկու երկրների դատախազությունների միջև համագործակցության նոր փուլի մեկնարկ կդառնա և կնպաստի երկու երկրների իրավապահ համակարգերի միջև համագործակցության հետագա զարգացմանն ու ամրապնդմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես հարևան երկրների դատախազական համակարգերի միջև գործակցության հեռանկարներին, այնպես էլ իրավական փոխօգնության ձևավորված աշխատանքային պրակտիկայի բարելավմանն ուղղված կոնկրետ հարցեր: Մասնավորապես՝ քննարկվել է Հայաստանում կամ Իրանում քննվող քրեական գործերով դատավարական կարգավիճակ ունեցող՝ մյուս երկրի քաղաքացի հանդիսացող անձանց իրենց երկրում գտնվելու դեպքում տեսաձայնային և տեխնիկական սարքավորումների միջոցով հարցաքննելու տեխնիկական հնարավորությունների ստեղծման հեռանկարը, ինչը կնպաստի իրավասու մարմինների կողմից քրեական գործերով օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելուն, ինչպես նաև երկու պետությունների քաղաքացիներին հնարավորություն կտա դատավարական կարգավիճակ ունենալու դեպքում առանց տեղափոխման հետ կապված ավելորդ անհարմարությունների արդյունավետ իրացնել իրենց իրավունքներն ու պարտականությունները:
Բացի այդ, գլխավոր դատախազները քննարկել են նաև քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու մասին միջնորդությունների կատարման ժամկետները հնարավորինս օպտիմալացնելու հարցը: Նշվել է, որ չնայած Սանկտ Պետերբուրգում կայացած ՀՀ և ԻԻՀ գլխավոր դատախազների հանդիպումից հետո այս բնագավառում արձանագրվել է դրական տեղաշարժ, սակայն առկա է վերջինս ավելի արագացնելու անհրաժեշտություն:
Քննարկված հարցերի շուրջ կողմերը ձեռք են բերել պայմանավորվածություններ:
Հանդիպման արդյունքում Արթուր Դավթյանը և Մոհամադ Ջաֆար Մոնթազերին ստորագրել են ՀՀ և ԻԻՀ գլխավոր դատախազությունների միջև 2019-2020 թվականների համագործակցության ծրագիր, որով նախատեսվում է մի քանի համատեղ միջոցառումներ անցկացնել Երևանում և Թեհրանում: Դրանք վերաբերում են հանձնման և քրեական գործերով իրավական օգնության ցուցաբերման բնագավառում համագործակցության գործնական հարցերին, թմրամիջոցների մաքսանենգության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ինչպես նաև ապօրինի սահմանահատումների և ապօրինի միգրացիայի դեպքերով հարուցված քրեական գործերի քննությունների, հանցագործությունների արդյունքում ստացված ակտիվների հայտնաբերման, առգրավման, բռնագրավման և արտերկրից վերադարձման ուղղություններով գործակցությանը և աշխատանքային փորձի փոխանակմանը: «Համոզված եմ, որ համագործակցության ծրագրի իրացման արդյունքում մեր պետությունների դատախազները, բացի միմյանց հետ գործնական և տեսական գիտելիքներ փոխանակելուց, առիթ կունենան անձնական շփումների միջոցով ևս զարգացնել երկու դատախազությունների միջև հետագա համագործակցությունը»-փաստաթղթի ստորագրման կապակցությամբ ասել է Արթուր Դավթյանը:
Այս համատեքստում ՀՀ գլխավոր դատախազը պարոն Մոնթազերիին հրավիրել է Հայաստան:
Նմանատիպ նյութեր
3789 դիտում
23:24 03-07-2018
Հայաստանի և Հունաստանի գլխավոր դատախազությունների միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել
Այս բաժնից
2299 դիտում
15:37 25-11-2024
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում
739 դիտում
15:16 25-11-2024
Ժաննա Անդրեասյանը վաղվանից մեկնում է արձակուրդ
691 դիտում
14:56 25-11-2024
Պապիկյանն այցելել է սահմանագոտի