Արայիկ Հարությունյանի համոզմամբ, ՔՊ կուսակցությունն ունի ազատ, արդար ընտրություններ անցկացնելու քաղաքական կամք
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արայիկ Հարությունյանն առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվի Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա ընտրատարածքում: Այս մասին Արայիկ Հարությունյանը նշեց ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը:
«Երբ քարոզարշավի տրամաբանությունը վերջնական որոշենք, այդ ժամանակ մանրամասներ կներկայացնենք: Ազգային ժողովում բյուջեի քննարկումներից հետո առիթ եմ ունեցել անդրադառնալու ռեյտինգայինի թեկնածուների խնդրին, երբ ցուցակի ամբողջական պատկերը կլինի, նոր կքննարկենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Արայիկ Հարությունյանը: Լրագրողի այն հարցին, թե պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդին կարո՞ղ է լինել ՔՊ-ի ցուցակում, Արայիկ Հարությունյանը նշեց, որ ինքը նման տեղեկություններ չունի:
«Երբ ցուցակը տեսնեք, այն ձեզ դուր կգա: Ինչո՞ւ պետք է դուր գա, որովհետև այն սկզբունքները, որոնք դրված են ձևավորման հիմքում, այն է՝ մարդը պետք է ունենա քաղաքական հետագիծ, պրոֆեսիոնալ հմտություններ, դրանք կիրառելու կարողություն, կարևոր են: Ցուցակի հետ կապված քննարկումները շարունակվում են»,-ասաց Արայիկ Հարությունյանը: Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք ՔՊ-ի ցուցակում լրագրողներ կա՞ն, Արայիկ Հարությունյանը նշեց, որ չի մտաբերում:
Թե ով կլինի ընդդիմություն, Արայիկ Հարությունյանը նշեց, որ ժողովուրդը ընտրությունների արդյունքում կձևավորի և՛ իշխանություն, և՛ ընդդիմություն: Նա ընդգծեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ունի ազատ, արդար ընտրություններ անցկացնելու քաղաքական կամք: