211652_close_icon
views-count2072 դիտում article-date 18:02 07-11-2018

Քաղաքապետարանը ձգտելու է այգիները հագեցնել նոր տեխնոլոգիաներով. Հայկ Մարությանը մասնակցել է հանգստի նոր գոտիների բացմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մայրաքաղաքում այսօր շահագործման են հանձնվել հանգստի երկու գոտիներ: Նոր այգիների պայմաններին ու հնարավորություններին ծանոթացել է Երևանի քաղաքապետը: Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով բարեկարգված Կոմիտասի անվան զբոսայգում բնակիչների լիարժեք հանգստի կազմակերպման համար ստեղծվել են հարմարավետ պայմաններ: Քաղաքապետ Հայկ Մարությանը շրջել է այգում, ծանոթացել կատարված աշխատանքներին, զրուցել բնակիչների հետ: 1,8 հա տարածք զբաղեցնող զբոսայգում իրականացվել են Արշակունյաց պողոտայի կողմից մուտքի հատվածի շինության թարմացման, նոր ճեմուղիների կառուցման, ոռոգման նոր ցանցի անցկացման աշխատանքներ: Ծրագրի շրջանակում այգում տեղադրվել են զրուցատաղավարներ, նստարաններ, մանկական խաղեր, կառուցվել է ջրավազան, հասարակական զուգարան: Հանգստի գոտին լուսավորվում է ժամանակակից էներգախնայող լուսատուներով: Զբոսայգին հարմարեցված է նաև հաշմանդամություն ունեցող քաղաքացիների համար, տարբեր հատվածներում կառուցվել են թեքահարթակներ: [b]Առաջին սմարթ այգին Երևանում[/b] «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարակից տարածքում կառուցված այգին Բադալյան ընտանիքի նվերն է Երևանի ծննդյան 2800-ամյակի առթիվ: Հիմնովին վերափոխված շուրջ 1 հա տարածք ունեցող հանգստի գոտին իր տեսակով առաջինն է Երևանում: Ծրագրի շրջանակում առանձնակի կարևորվել է ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը, այգին ունի արևային էներգիայով սնուցվող համակարգեր, որոնք կապահովեն գիշերային լուսավորությունը և, ընդհանրապես, այգու էներգամատակարարումը: Բացի այդ, հանգստի գոտին նաև երևանյան առաջին այգին է, որտեղ կիրառվել են տեխնոլոգիական նոր մոտեցումներ ու խելացի լուծումներ: Մասնավորապես՝ այգու արտաքին լուսավորությունն ապահովող լամպերն ինքնակառավարավող են և ուժեղ են լուսարձակում բացառապես այն դեպքում, երբ տարածքում այցելուներ կան: Քաղաքապետին ներկայացնելով ծրագրի մանրամասները՝ Վահե Բադալյանը նշել է, որ այգում կառուցվել են արհեստական ջրավազաններ, հասարակական զուգարան, տեղադրվել են նստարաններ, մանկական խաղահրապարակներ և հուշարձաններ: Իրականացված ծրագրի շրջանակում այգին ապահովվել է նաև անվճար WI-FI կապով: Ի դեպ, հանգստի գոտում առևտրային որևէ գործունեություն չի ծավալվելու: Շնորհակալություն հայտնելով Բադալյան ընտանիքին նախաձեռնության համար՝ Հայկ Մարությանը նշել է, որ ժամանակակից նմանատիպ մոտեցումներն ու լուծումները պետք է կիրառելի դառնան նաև երևանյան մյուս հանգստի գոտիներում: «Սա Երևանը սիրելու ամենալավ միջոցն է և այն արտահայտելու ամենալավ ձևը, որ մարդիկ սեփական միջոցներով այսպիսի լավ նվերներ են անում Երևանին: Վստահ եմ՝ երևանցիները մեծ հաճույքով շատ լավ ժամանակ կանցկացնեն այս այգում: Շատ մեծ աշխատանք է կատարված, և շատ ողջունելի է, որ այգում նորագույն տեխնոլոգիաներ են կիրառվել, օգտագործվում է նաև արևային էներգիան: Սա հենց այն է, ինչին պետք է ձգտենք, որ հետագայում Երևանում բոլոր այգիները հագեցած լինեն այս տեխնոլոգիաներով»,- նշել է քաղաքապետը: [b]Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր