211652_close_icon
views-count6003 դիտում article-date 23:04 17-10-2018

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ներկա է գտնվել Փարիզում «Թումո» կենտրոնի բացմանը

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հրավերով աշխատանքային այցով Ֆրանսիայի մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ներկա է գտնվել Փարիզում «Թումո» կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը: Երևանի քաղաքապետը Փարիզի գործընկերոջ ուղեկցությամբ շրջել է կենտրոնում, ծանոթացել պատանիների համար ստեղծված պայմաններին ու հնարավորություններին: Ներկաներին ուղղված ելույթի իր խոսքում քաղաքապետ Հայկ Մարությանը, ընդգծելով երկու մայրաքաղաքների բարեկամական հարաբերությունների կարևորությունը, նշել է, որ Երևանի քաղաքապետարանը շարունակելու և զարգացնելու է սերտ համագործակցությունը Երևանի և Փարիզի միջև: «Ինձ համար մեծ պատիվ է Երևանի քաղաքապետի պաշտոնը ստանձնելուց հետո իմ առաջին արտերկրյա այցը կատարել հենց Փարիզ: Խորհրդանշելով Փարիզի և Երևանի բարեկամական հարաբերությունների կարևորությունը, երկու քաղաքների համագործակցության ամրությունը և խորությունը, ինչպես նաև հավաստելով բարեկամական կապերի ավանդույթները պահպանելու, շարունակելու և զարգացնելու իմ հանձնառությունը, առանձնակի հպարտ և ուրախ եմ, որ այցս կայանում է երկու քաղաքների համագործակցության այսպիսի գեղեցիկ իրադարձության առիթով, որը մարմնավորում է մեր բոլորիս ապագան, երիտասարդությունը, նորարարությունը թվային և նոր տեխնոլոգիաներում: Անցած շաբաթ Երևանը ընդունում էր Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովը, որի շնորհիվ իր վրա սևեռել էր ամբողջ աշխարհի ուշադրությունը: Գոհունակությամբ ցանկանում եմ նշել, որ մեր 2800-ամյա մայրաքաղաքը պատվով հյուրընկալեց գագաթաժողովը՝ իր հազարամյա պատմության էջերը հարստացնելով ևս մեկ բացառիկ ու գեղեցիկ իրադարձությամբ: Ամբողջ շաբաթվա ընթացքում Երևանում ֆրանկոֆոնիայի տոն էր, մեր քաղաքը խոսում, լսում և ապրում էր ֆրանսերենով»,- նշել է Երևանի քաղաքապետը: Կարևորելով Փարիզում «Թումո» կենտրոնի գործունեությունը՝ Հայկ Մարությանը նկատել է, որ այն թվային աշխարհում ինքնադրսևորվելու և կայանալու հրաշալի հնարավորություն է պատանիների համար: «Իմ պարտքը համարեցի անպայման ներկա գտնվել Փարիզում «Թումոյի» պատանիների համար առաջին թվային ստեղծագործությունների դպրոցի բացմանը, քանի որ այն Երևանի ներդրումն է Փարիզում, Երևանի և հայկական ստեղծագործ մտքի ապրանքանիշի ներկայությունն է Փարիզում: Հարգելի քաղաքապետ, Անն Իդալգո, այս կապակցությամբ իմ հատուկ և խորին շնորհակալությունն եմ ուզում հայտնել Ձեզ, որ ուղիղ երկու տարի առաջ Երևան կատարած պաշտոնական այցի շրջանակներում, այցելելով Երևանի «Թումո», խորապես տպավորված և ոգևորված լինելով, ոգեշնչվելով Ձեր տեսածով, հանձնառություն վերցրեցիք նման դպրոց բացել նաև Փարիզում և այն իրականություն դարձրեցիք այսքան կարճ ժամկետում: Դուք դրանով հնարավորություն տվեցիք պատանիներին՝ ինքնադրսևորվելու և կայանալու թվային աշխարհում՝ նաև նպաստելով Երևանի և հայկականի արժևորմանը աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկում: Այս պահին հուզված եմ և ուզում եմ մի փոքր շեղում անել այս տեքստից: Պապս եղել է ֆրանսերենի շատ մեծ գիտակ, հմուտ թարգմանիչ, թարգմանել է Բալզակ, Ռոմեն Ռոլան և, ցավոք սրտի, այն ժամանակ չէր կարող այցելել Փարիզ, որովհետև արգելված էր դա, և հետաքրքիրն այն է, որ իր պատմվածքներում շատ հաճախ նաև նկարագրում էր Փարիզը: Այսօր ես համոզված եմ, որ նա իմ աչքերով տեսնում է Փարիզը, այս հրաշք քաղաքը՝ հրաշք մարդկանցով, հրաշք ճարտարապետությամբ և մշակույթով: Նաև ուզում եմ բացատրել իմ երջանկությունը: Պետք է նշեմ, որ իմ երեխան նույնպես Երևանում այցելում է «Թումո» կենտրոն և ես գիտեմ ՝ որքան օգուտ է դա նրան և որքան երջանիկ է նա այնտեղ: Ու ես իսկապես ուրախ եմ, որ այսուհետ Փարիզի երեխաները զգալու են նույն երջանկությունը»,- ընդգծել է Հայկ Մարությանը: Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն էլ իր ելույթում նշել է, որ երկու տարի առաջ Երևան կատարած պաշտոնական այցի շրջանակներում ծանոթանալով «Թումո» կենտրոնի գործունեությանը՝ հաստատապես համոզվել է, որ Փարիզին ևս անհրաժեշտ է նման կենտրոն, որը հայ-ֆրանսիական բազմակողմ համագործակցության ևս մեկ խորհրդանիշ էր դառնալու: [b]Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր