Պետք է վերջ դնել պուճախային աշխատանքին, Երևանի կենտրոնը պետք է ունենա հատուկ կարգավիճակ. Արթուր Մեսչյան
Մայրաքաղաքի ամենամեծ խնդիրներից մեկը ապօրինի շինարարությունն ու հողազավթումներն են: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 6-ին, լրագրողնրի հետ հանդիպմանը կարծիք հայտնեց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։
Նա ընդգծեց, որ քաղաքի ճարտարապետական տեսքի հետ կապված խնդիրները լուծելի են, պարզապես ժամանակ է պետք դրա համար:
«Ես շատ լավ գիտեմ, թե ինչից պետք է սկսեմ և ուր պետք է գնամ։ «Երևաննախագծի» և այլ պատկան մարմինների հետ ես ուզում եմ ծրագիր մշակել, որով Երևանի կենտրոնը կստանա հատուկ կարգավիճակ, և ես կունենամ որոշակի լծակներ: Պետք է վերջ դնել պուճախային աշխատանքին և սկսել աշխատել միասին»,-ասաց նա՝ հավելելով, որ Երևանի կենտրոնը պետք է ունենա հատուկ կարգավիճակ:
Այն քաղաքացիներին, ովքեր ցանկանում են ապօրինի շինարարություն կատարել, Արթուր Մեսչյանը կոչ արեց չանել այդ քայլը:
«Այն գործիքակազմը, որ ես ունեմ, պետք է թույլ տա, որ ապօրինի շինարարությանը, հողազավթմանը վերջ դրվի: Եթե դուք որոշեք կատարել ձեր շինարարական ծրագրերն օրինական ձևով, մենք կաշխատենք հնարավորինս հեշտացնել ձեր կյանքը»,-հավելեց գլխավոր ճարտարապետը: