211652_close_icon
views-count1450 դիտում article-date 14:08 02-11-2018

Կառավարությունը համաներումով իրավական գնահատական չի տալիս դատական ակտերին. Արտակ Զեյնալյան

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը պարզաբանում է, որ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին օրենքն արդարադատական ակտ չէ. դրանով կառավարությունը իրավական գնահատական չի տալիս դատական ակտերին: «[url=https://armenpress.am/arm/news/953137.html]Արմենպրես[/url]» լրատվական գործակալության սրահում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Արտակ Զեյնալյան անդրադարձավ «Արմենպրես»-ի թղթակցի հարցին, թե ի՞նչ կարգավորումներ են նախատեսված, երբ ի հայտ են գալիս նոր հանգամանքներ այն պարագայում, երբ համաներումը տարածվում է նաև քննչական մարմինների վարույթում գտնվող քրեական գործերի վրա: «Այս համաներումն արդարադատական ակտ չէ: Այս համաներումով մենք չենք վերանայում կամ գնահատական չենք տալիս: Իրավական գնահատական չենք տալիս դատական ակտերին, դրանց օրինականությունը չենք վիճարկում: Մենք ընդամենը որոշակի կատեգորիայի մարդկանց ազատում ենք պատժից կամ հետապնդումից: Եվ այս անձինք մինչև իրենց կյանքի վերջ, որոշ դեպքերում՝ նաև նրանց սերունդները, կարող են վիճարկել դատական ակտերի օրինականությունը և հասնել արդարացման: Որևէ կերպ մեկը մյուսի հետ չի առնչվում»,- մանրամասնեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատարը: Նա հավելեց, որ իրենք կողջունեն, եթե լինեն գրագետ վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքներ կամ ընդհանրապես դիմումներ, որոնք հանգեցնեն դատական ակտերի վերանայման: «Դրա համար կան պրոֆեսիոնալ իրավապաշտպաններ, ովքեր ունեն այդ գիտելիքները և կկարողանան հասնել վերաբացման այս գործերով: Հայաստանում այդ գործերի վերաբացման մեխանիզմնեը և իրավական հիմքերը կան, և այդ անձինք, բացի հրապարակային խոսելուց, կարող են ուղղակի նստել համակարգչի առջև և շարադրել այդ թեզերը, շարադրել գանգատները և հասնել գործերի վերաբացման»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր