211652_close_icon
views-count1967 դիտում article-date 16:59 30-10-2018

Սվիտալսկին ՀՀ նոր կառավարության կողմից ԵՄ-ի հետ համագործակության հարցում տեսնում է ճկունություն և պրագմատիզմ

ՀՀ կառավարությունը ԵՄ-ի հետ համագործակցության հարցում ցուցաբերել է ճկունություն և պրագմատիզմ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վայոց ձորի մարզում լրագրողների հետ ճեպազրույցում նման տեսակետ հայտնեց Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ նշելով, որ բավարարված է համագործակցությամբ: «Մենք առաջարկեցինք, որ ներքաղաքական փոփոխություններից հետո կառավարությունը վերանայի նախկինում քննարկված ծրագրերը: Եվ ես հասկանում եմ, որ նոր կառավարությունը ամառվա ամիսների ընթացքում շատ զբաղված էր: Կարող եմ ասել, որ 2018-ի տարեկան գործողությունների պլանը հիմնականում արտացոլում է նախկինում մեր արած աշխատանքները: Նոր թիմը որոշակի փոփոխություններ ներկայացրեց, որոնք մեզ համար ընդունելի են: Քանի որ նոր կառավարությունը ճկունություն ցուցաբերեց և պրագմատիզմ, կարող եմ ասել, որ բավարարված եմ մեր համագործակցությամբ»,-ասաց Սվիտալսկին ու հավելեց, որ նոր կառավարության հետ քննարկում ունեն նաև 2019 թ. գործողությունների պլանի վերաբերյալ: Դեսպանը նկատեց՝ ՀՀ ներկայիս կառավարությունն առաջնահերթությունները սահմանելու համար բավականին ընդարձակ սահմաններ է գծել: ԵՄ-ն կառավարությանն առաջարկել է նաև վերանայել բյուջետային աջակցությունների ծրագրերը: «Սա, իհարկե, աննախադեպ էր: Մենք սովորաբար նման գործողությունների չենք դիմում նոր կառավարությունների հետ: Բայց մենք հասկանում ենք, որ փոփոխություն է տեղի ունեցել: Կառավարության կողմից ստացել ենք նոր փաստաթղթեր տարբեր ոլորտների զարգացման վերաբերյալ: Գոհ ենք դրանցից: Առաջին հայացքից լավ տպավորություն եմ ստացել այդ առաջարկներից: Իրենց պահանջները մեզ համար ընդունելի են»,-ասաց Սվիտալսկին ու հույս հայտնեց, որ համագործակցության համար լավ քայլ են անում: Դեսպանը երկու կողմերի կապերը բավականին կառուցողական գնահատեց: Նա նշեց, թե ինքը հավատում է, որ ՀՀ ներկայիս կառավարությունը քաջատեղյակ է և գնահատում է ԵՄ-ի հետ համագործակցությունը:

Նմանատիպ նյութեր